211652_close_icon
views-count1340 դիտում article-date 16:09 20-10-2021

Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալի Բադարա Կամարային (Alie Badara Kamara)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան):

Շնորհավորելով Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան Ալի Բադարա Կամարային նշանակման կապակցությամբ՝ Արմեն Ղևոնդյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Սիերա Լեոնեի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։ Երկուստեք կարևորվեց համատեղ քայլերի ձեռնարկումը՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Արմեն Ղևոնդյանը դեսպանին համապարփակ կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր