6255 դիտում
17:16 20-10-2019
Հաջողված բիզնեսի սեփական փորձով կիսվում է գործարար, «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը. internest.am
– Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել հենց անշարժ գույքով:
– Շատ պատահական ստացվեց։ Ոստիկանությունում էի աշխատում՝ Պետական Պահպանության Գլխավոր Վարչությունում, կարևորագույն օբյեկտների պահպանության գնդում: Աշխատանքս հերթափոխով էր՝ 2 օրը մեկ կամ 3 օրը մեկ տարբերակով:
Ազատ ժամանակ օգնում էի ընկերոջս փոքրիկ անշարժ գույքի գործակալությունում․ այցելում էի, ուսումնասիրում և զուգահեռաբար օգնում:
Եկավ մի շրջան, երբ այնտեղ ավելի շատ կարող էի գումար վաստակել (մոտ 3-4 անգամ ավելի), քան ոստիկանությունում: Դե, քանի որ ոստիկանության օրենքով արգելված է այլ զբաղվածություն ունենալ, պարզապես որոշեցի թողնել այդ աշխատանքը:
Այդ ընթացքում ընկերոջս գործակալությունը փակվեց, և ստիպված սկսեցի աշխատել որպես անհատ գործակալ:
Ինքս էի զբաղվում գովազդով և բոլոր հարցերով: Աշխատանքային միակ գործիքս հեռախոսն էր, նույնիսկ փոխադրամիջոց չունեի, ավելին՝ գտնվում էի ծանր ֆինանսական դրության մեջ:
Այդ դրության մեջ, սակայն, մի բանում էի համոզվել, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ի դեպ, գովազդում էի ամենաէժան և արդյունավետ տարբերակով՝ թռուցիկներ էի փակցնում տների շրջակայքում գտնվող վահանակների սյուներին:
Իսկ եթե ինքս էի հայտարարություններ գտնում, նկարում էի ու տեղադրում անվճար կայքերում: Դա 2010-ական թվականներին էր:
Շուտով գործունեությանս արդյունքում սկսեցի աշխատանքի հրավերներ ստանալ:
Այսպիսով, ընդունվեցի «Կենտրոն» ԱԳԳ՝ որպես գործակալ: Սա շատ օգտակար եղավ, քանի որ հետաքրքիր աշխատանքային գործիքներ, ինչպես նաև շատ հմտություններ ձեռք բերեցի:
Որոշ ժամանակ աշխատելուց հետո որոշեցի դուրս գալ և վերադառնալ անհատ գործակալի աշխատանքին՝ կապս պահելով Կենտրոն ԱԳԳ-ի հետ: Ի դեպ, մինչ այժմ էլ լավ ընկերներ ենք «Կենտրոն»-ի տնօրենի հետ:
Մոտ 6 ամիս անց առաջարկ ստացա այն ժամանակ նորաբաց «Սեյֆ Հաուս» ԱԳԳ-ի տնօրենի կողմից՝ որպես վաճառքի բաժնի ղեկավար: 2012 թվականն էր: Հաջողությամբ ձևավորեցի թիմը, և մինչ 2015 թվականը ղեկավարեցի այն:
– Ինչպե՞ս ստեղծվեց ընկերությունը:
– 2015 թվականին որոշեցի առանձնանալ և ստեղծել իմ սեփական ընկերությունը ՝ «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալությունը: Ինձ շատ օգնեցին եղբայրներս, ընկերներս, և իհարկե, թիմակիցներս:
Գրասենյակս առանձնապես մեծ չէր, սկզբում նույնիսկ աշխատում էինք մեկ սեղանով և մեկ համակարգչով:
Ինտերնետը ցրում էինք մեկ հեռախոսից և մի քանի հեռախոսներով հայտարարություն տալիս: Մի քանի գործարք անելուց հետո կարողացանք գնել գույք և տեխնիկա, իսկ հինը նվիրաբերեցինք կարիքավոր ընտանիքներին:
Սկզբում շատ բարդ էր: Կարևոր էր կայանալը: Ընկերությունը դեռ երիտասարդ էր, և այն ճանաչում էին ինձնով և այլ գործակալներով: Ինձ համար գերակա խնդիրներից մեկը կայք ունենալն էր, որը շատ արագ կազմակերպեց «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Բիզնեսի կառավարման մեջ ո՞ր մասն է ամենաբարդը:
Ամենաբարդ հարցերից մեկը հարազատ մարդկանց կառավարելն է: Ինքներդ եք հասկանում, որ վճռական որոշումներ կայացնելիս դա շատ է խանգարում:
– Ինչպե՞ս լուծեցիք այդ խնդիրը:
– Ժամանակի ընթացքում անձնակազմը փոխվեց, եկան նոր մարդիկ, ինքս էլ սովորեցի անձնակազմի հետ ավելի ճիշտ աշխատել: Ի վերջո, սեփական բիզնեսում այս հարցերն այլ կերպ են լուծվում:
Իսկ հարաբերությունները տուժե՞լ են համատեղ աշխատանքի պատճառով:
Այո, իրականում դա անխուսափելի է հարազատների հետ աշխատելիս, սակայն ամեն ինչ արել եմ հարթելու և ջերմ հարաբերություններ պահպանելու համար:
Կա՞ արդյոք դեղատոմս հարազատների հետ աշխատելու հետ կապված:
Այո, չաշխատել (ժպտում է)։
– Հայաստանում այժմ պատրաստվո՞ւմ են պատշաճ անշարժ գույքի գործակալներ:
– Այո, միայն գործակալություններում, որոնք սեփական միջոցներով ընդունում են աշխատակիցների, ուսուցանում են և դարձնում մասնագետներ: Սակայն այս դաշտը բաց է, չկա որևէ ԲՈՒՀ, որը կարող է պատրաստել մասնագետներ: Աշխատանքը լիցենզավորվող չէ, և ցանկացած անհատ կարող է դառնալ գործակալ: Իհարկե, կան նաև անհատներ, որոնք կազմակերպում են դասընթացներ: Սակայն լավ կլիներ, որ բուհերն անրադառնան այս ոլորտին և պատրաստեն գրագետ մասնագետներ:
Մանրամասները կարող եք կարդալ [url=https://www.internest.am/7290/%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d5%be%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf/?fbclid=IwAR0TgdThHgsi2tTzOISyq9dNqagk--JoWd2-Un26oIwj2_ySMtOWG3vs5b0]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
19:06 12-09-2019
ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորները կիսվեցին ուռուցքաբանության հիմնահարցերին վերաբերող հաջողված փորձով
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»