170479 դիտում
09:00 21-10-2019
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Suzuki-ն «Քեթիի» ոլորաններում 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում.կա 3 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 36 NS 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում, Փոքաշեն գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Քեթիի» ոլորաններում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 200 մետր, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի որոնց դիերը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գեւորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, եւ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Աղասի Հունանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր. 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հայկ Մանուկյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարածքը բավականին անանացանելի էր, եւ հրշեջ-փրկարարները մոտ 300 մետր դիերը պատգարակով եւ հատուկ պարկերով ոտքով տեղափոխել ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:
Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, այդ թվում ողբերգական, սակայն «Քեթիի» ոլորաններում բացակայում են երկաթ-բետոնե արգելապատնեշները, ինչպես նաեւ հատուկ լուսային փարոսիկներն ու ճանապարհը որպես ոլորան հանդիսացող ցուցանակները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+