211652_close_icon
views-count3267 դիտում article-date 16:56 23-10-2019

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը

82 տարեկան հասակում կյանքից հեռացավ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի կողմից կատարված գիտական հետազոտությունների հիման վրա բյուրեղացել և ինտենսիվ զարգանում է ֆիզիկայի նոր բնագավառ՝ ակուստաֆիզիկան, որն իր մեջ է ներառում նրա կողմից հիմնադրած այնպիսի գիտական ուղղություններ, ինչպիսիք են մոդուլացիոն Մյոսբաուէրյան սպեկտրասկոպիան, մոդուլացիոն ռենտգենյան սպեկտրասկոպիան, գամմա-օպտիկան, ակուստապլազման և այլն: Ալպիկ Մկրտչյանը ավելի քան 300 գիտական հոդվածների, հեղինակային իրավունքների և մենագրությունների հեղինակ է: Անգնահատելի է նրա ավանդը գիտամանկավարժական բնագավառում և երիտասարդների ներգրավմամբ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում: Ալպիկ Մկրտչյանը հայտնի է նաև իր հասարակական գործունեությամբ: Նա իր անձնական ներդրումն ունեցավ Սպիտակի երկրաշարժից տուժածներին և ազգային ազատագրական շարժման ժամանակահատվածում փախստականներին օգնություն կազմակերպելու գործում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի շրջաններում դատարկ գյուղերի վերականգման ու վերաբնակեցման, Արցախում սոցիալ-տնտեսական ու գիտամանկավարժական բազայի զարգացման ուղղությամբ: Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, «Անանիա Շիրակացի» մեդալով, ԵՊՀ-ի, ԵՊՃՀ-ի, Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալներով, ՌԴ Պրոխորովի անվան Ինժեներական ակադեմիայի կողմից Ա.Ի. Բերգի, Ն.Ն. Սեմյոնովի և Յու.Ա. Գագարինի անվան ոսկե մեդալներով, Георгий Победоносец ոսկե մեդալով: Ազգին մատուցած ծառայությունների համար ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանն արժանացել է Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինի պարգև-հուշամեդալին: Ստացել է Կուրչատովի անվան մրցանակ: Պարգևատրվել է Դավիթ Անհաղթի արծաթե մեդալով: Պարգևատրվել է Лауреат евразийской премии 2016, Наука специальный приз ոսկե մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով ու շքանշաններով: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հարազատներին և գործընկերներին: Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)` Երևանի Կոզեռնի փող. 15 հասցեում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-12:30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24), ժամը 13:00-14:30-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (Երևան, Հրաչյա Ներսիսյան 25): Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից:

Նմանատիպ նյութեր