211652_close_icon
views-count981 դիտում article-date 20:29 04-11-2019

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու օծման և գահակալության 20-րդ տարեդարձի բերկրալի օրվա առիթով: Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները մաղթեցին կենաց արևշատություն ու արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի: Եկեղեցականներն ու աշխարհականներն ուրախությամբ հաստատեցին, որ Նորին Սրբության գահակալության 20 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրել է վերազարթոնք. արձանագրվել են մեծաթիվ ձեռքբերումներ եկեղեցաշինության, հոգևոր-կրթական և սոցիալական ոլորտներում: Վեհափառ Հայրապետը, իր երախտագիտությունը հայտնելով շնորհավորանքների ու բարի մաղթանքների համար, ամենքին բաշխեց հայրապետական իր օրհնությունը: Այս առիթով, Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ազգին և Եկեղեցուն մատուցվող ծառայության մեջ իրեն լծակից հոգևոր դասին` հորդորելով նախանձախնդրությամբ և նվիրումով շարունակել իրենց աստվածահաճո առաքելությունը, սիրով իրականացնել ստանձնած բոլոր պարտականություններն ու հանձնառությունները, որով կարելիություն է ստեղծվում առավել զորացնելու Հայոց Եկեղեցին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ փաստեց Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումն ու զորակցությունը Հայոց Հայրապետին` աշխարհասփյուռ ազգային-հոգևոր կյանքի շինությանն ուղղված օգտաշատ գործունեության մեջ: Վերջում Նորին Սրբությունը մաղթեց ամենքին Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը՝ ազգին, Հայրենիքին և Հայոց Եկեղեցուն մատուցվող օրհնյալ ծառայության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր