211652_close_icon
views-count1422 դիտում article-date 23:34 05-11-2019

ՏԿԵ նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։ Այս առնչությամբ նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։ Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։ Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։

Նմանատիպ նյութեր