211652_close_icon
views-count1143 դիտում article-date 19:29 06-11-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 18-րդ Գլխավոր համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, մասնակցում է նոյեմբերի 3-7-ը Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)՝ «Արդյունաբերություն 2030՝ դարձրու նորարար, միավորիր և վերափոխիր մեր ապագան» 18-րդ Գլխավոր համաժողովին։ Նախարարի տեղակալը համաժողովի ընթացքում կարևորել է Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման հարցում տեխնոլոգիական ուսուցման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարությունների դերը՝ որպես արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց՝ ոչ միայն այսօրվա, այլև ապագայի տնտեսությանը պատրաստ լինելու համատեսքտում: «Երիտասարդ ձեռնարկատերերը՝ մրցունակության և կայուն տնտեսությունների ձևավորման համար նորարարության և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժեր» միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական «5900BC» նախագիծը, որին հաջորդել է Նաիրա Մարգարյանի ելույթը։ Վերջինս ընդգծել է յուրաքանչյուր արդյունաբերության խթանման գործում այնպիսի գործոնների կարևորությունը, ինչպիսիք են՝ տեխնոլոգիաները, ֆինանսների մատչելիությունը, կարողությունների զարգացումը, բրենդավորումը և շուկաների հասանելիությունը։ Քաղաքականության մշակման գործառույթից բացի, համաժողովը կարևոր հարթակ է դարձել հաջող գործընկերային կապերի և տեխնիկական համագործակցության համար՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անդամ պետությունների այսօրվա առավել արդիական թեմաների վրա, ինչպիսիք են՝ գենդերային հիմնախնդիրները, շրջանաձև տնտեսությունը, երիտասարդությունը և ձեռնարկատիրությունը, արդյունաբերություն 4․0-ը, արդյունաբերական պարկերը և կայուն էներգիան: Հայաստանի թեթև արդյունաբերության արդիականացմանն ուղղված «5900BC» ծրագիրն իրականացվել է UNIDO-ի «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկայի հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր