Թուրքական իշխանություններն ԻՊ-ի «ներքին աշխատանքի» գաղտնիքներն իմացել են ալ-Բաղդադիի կնոջից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կինը բազմաթիվ տեղեկություններ է հայտնել ԻՊ-ի «ներքին աշխատանքի» վերաբերյալ: Այդ մասին գրում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով թուրքական իշխանությունների ներկայացուցիչներին:
Ըստ տեղեկությունների՝ կինը 2018 թվականի հունիսի 2-ին Թուրքիայի հարավային Հաթայի մարզում ձերբակալվել էր ԻՊ-ի պարագլխի ևս 10 ազգականների հետ:
«Մենք բավականին արագ պարզեցինք (ալ Բաղդադիի կնոջ) անձը»,-ասել է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կինը կամավոր տեղեկություններ է հայտնել ալ Բաղդադիի, ինչպես նաև ԻՊ-ի գործունեության վերաբերյալ:
«Մենք կարողացել ենք շատ բան հաստատել այն ամենից, ինչը մենք արդեն գիտեինք: Մենք նաև ստացել ենք նոր տեղեկատվություն, որը հանգեցրել է մի շարք լրացուցիչ ձերբակալությունների»,-ասել է պաշտոնյան:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում Բաղդադիին վերացնելու մասին: Ավելի ուշ ԻՊ-ը հաստատել էր իր պարագլխի սպանվելը և հայտնել Բաղդադիին փոխարինող ընտրելու մասին։