211652_close_icon
views-count1441 դիտում article-date 13:15 14-11-2019

Ի վերջո պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու և վերացնելու ռազմավարական խնդիր դնենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշման նախագծում: Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ թեև հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ պատրաստ է ներկրման, սակայն տեխնիկական խնդիր կա. այդ ՀԴՄ-ները պետք է պարտադիր ունենան POS տերմինալներ: «Բանկերի հետ աշխատելու համար երկար ժամանակ է պահանջվում, և մենք առաջարկում ենք, որ եթե մյուս տեխնիկական պահանջները բավարարված են, ապա POS տերմինալի ֆունկցիան կես տարվա ընթացքում իրականացվի, սրանով հնարավորություն կտանք, որ ներկրվեն ՀԴՄ-ները»,- ասաց Դավիթ Անանյանը: Վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչն է ՀԴՄ-ների պահանջարկի ավելացման պատճառը։ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Առաջին հերթին դա իրավական ակտի ուժով է պայմանավորված, երկրորդը՝ նոր տնտեսավարողների գրանցվելու և հաշվառվելու, և երրորդը՝ ստվերից դուրս բերելու արդյունքում է մեծացել պահանջարկը»,- ասաց նա և ավելացրեց, որ գործող ընկերություններն իրենց շրջանառության ոլորտները ընդլայնելու արդյունքում նոր ՀԴՄ-ներ ձեռք բերելու անհրաժեշտություն են ունեցել: Վարչապետն ամփոփեց. ի վերջո պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու, այնուհետև վերացնելու ռազմավարական խնդիր դրվի, ինչը կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարում: Նա նկատեց, որ բանկային քարտերն էլ իրենց արդիականությունը կորցնում են, և տարածվում է բջջային հեռախոսների հետ բանկային հաշիվը կապելու միտումը:

Նմանատիպ նյութեր