211652_close_icon
views-count3927 դիտում article-date 10:48 24-11-2019

Վարչապետը շնորհավորել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել են Ռոբերտ Ամիրխանյանի «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ սիրված ստեղծագործություններ: Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար հնչել են առաջին անգամ։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է. «Հարգելի ներկաներ, մշակութային և մասնավորապես, երաժշտական հանրության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, ինձ համար մեծ պատիվ է այսօր այս առիթով խոսք ասելու հնարավորություն ունենալը։ Ընդհանրապես կա մի այսպիսի հավերժական հարց՝ իսկ ի՞նչ է լինելու, երբ անցնի ժամանակը։ Էական չէ ինչ ժամանակը՝ 5 տարին, 10 տարին, 20 տարին: Տվյալ դեպքում խոսում ենք 80 տարվա մասին, և իմ կարծիքով և ընդհանուր առմամբ այսօր և այստեղ մենք փորձում ենք ձևակերպել այդ հարցի պատասխանը՝ ի՞նչ կա այս 80 տարիների արդյունքներում, ավելի ճիշտ՝ ի՞նչ է մնացել այս 80 տարիների արդյունքներում։ Պարզ է, որ այդ 80 տարիները հեշտ չեն եղել, ունեցել են իրենց բարդությունները, դառնությունները, դժվարությունները, բայց, ի վերջո, մնացել է այս լեփ-լեցուն և աննախադեպ ջերմ դահլիճը, մնացել են երգեր, որոնք արդեն ոչ միայն և ոչ այնքան հեղինակի, որքան ներկաների, հանրության սեփականությունն են։ Ես համոզված եմ՝ այստեղ հնչած բազմաթիվ երգեր բազմաթիվ ներկաների տանում էին դեպի իրենց պատմությունների խորքերը։ Այդ երգերը մեզնից յուրաքանչյուրին պատմում էին մի յուրահատուկ, գուցե յուրաքանչյուրիս միայն հայտնի պատմություն՝ մեր կյանքի, մեր միջավայրի, մեր ընտանիքի, մեր երեխաների մասին, և մնացել է այն, ինչը կազմում է մեր ինքնության անբաժանելի մասը։ Ընդհանրապես մեր ազգային ինքնությունն այսօր թերևս ամենակարևոր հարցերից է, և ինքնություն ասելով ես առաջին հերթին հասկանում եմ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, մասնավորապես, քաղաքաշինություն, և այսօր խոսքը նաև մեր ինքնության մասին էր։ Երբ հնչում էր հայտնի «Օրորոցային»-ը, ես հենց մեր ազգային ինքնության մասին էի մտածում, որովհետև, այո՜, կան երգեր և պիտի լինեն երգեր, որոնք ձևակերպում են մեր ինքնությունը։ Ի՞նչ կապ ունի դա ինքնության հետ։ Ես մտածում էի, որ շատ երկար տարիներ Հայաստանի մի քանի սերունդներ երեկոյան միասին, նույն ժամին, երբ այդ երգն էին լսում, դա անտեսանելի թևերով մեզ բոլորիս կապում է իրար հետ, դարձնում է մեկ ինքնություն, մեկ ամբողջություն, մեկ մարմին, մեկ ազգ, մեկ ժողովուրդ, և հենց սա է ինքնության հետ կապված մեր հարցը։ Ես չգիտեմ այսօր ովքե՞ր են, ի՞նչ երեխաներ են, որ դեռևս քնելուց առաջ կամ քնելու ընթացքում շարունակում են լսել, բայց կարող եմ վկայել, որ մեր Արփին, օրինակ, քնում է այդ երգի հնչյունների ներքո, և կարող եմ ասել, որ մենք այդպիսի երգերի կարիք ունեցել ենք, ունենք և դեռ կունենանք։ Ես հիշում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի հետ վերջերս ունեցած մի խոսակցություն, երբ ես ասում էի՝ իհարկե, մենք հարգանքով ենք վերաբերվում աշխարհի բոլոր հայտնի ստեղծագործություններին, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, խանդի որոշակի զգացում ունենք, երբ Ամանորին մարդիկ ավելի շատ սկսում են լսել, այսպես ասած, գլոբալ երգեր, մինչդեռ այսօր այստեղ նույնքան արդիական էր հնչում «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես»-ը։ Բայց նույնիսկ մենք խնդիր էինք դնում, որ պետք է ստեղծվեն այնպիսի երգեր, որոնք «Օրորոցային»-ի նման մեզ կշարունակեն միացնել իրար, մեր կապերը, մեր ինքնությունն ուժեղացնելով՝ մեզնից յուրաքանչյուրի, մեր հավաքական ինքնությունը։ Նույնկերպ և ծննդյան օրերին՝ մենք պետք է ունենանք երգեր, և մեր ծննդյան օրերին նախընտրենք մեր երկրում մեր հոգուց, մեր պատմությունից, մեր իրականությունից ծնված այդ երգերը երգել։ Եվ ուրիշ պատասխան ստացավ այդ հարցը՝ ի՞նչ է լինելու, երբ անցնի այդ ժամանակը։ Լինելու է Ստեփականակերտի «Ծիածան» երգչախումբը՝ ծագող աստղիկների այդ բույլը, որ այսօր փայլատակեց այս բեմում։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ հենց այս ձևաչափի համար, երբ մենք լսեցինք Ստեփականակերտի «Ծիածան» մանկական երգչախմբին, Արցախի ջազային նվագախմբին, Արցախի պետական երգչախմբին և մեր Զինված ուժերի երգչախմբին։ Սա այն մասին էր, թե ինչ է լինելու հետո, և շատ սիմվոլիկ է, որ այս հարցին այսպիսի պատասխան ստացանք։ Մեծարգո պարոն Ամիրխանյան, Ինձ համար մեծ պատիվ է այսօր այս առիթով այս դահլիճում իմ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ և իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից, հայ ժողովրդի անունից՝ այն ժառանգության համար, որ մենք այսօր կարող ենք ունենալ որպես մեզնից յուրաքանչյուրի սեփականություն, մեր ազգային, մեր ժողովրդական սեփականություն։ Մենք այսօր այստեղ հավաքվել ենք Ձեզ պատվելու և մեր մեծարանքի ու երախտագիտության տուրքը մատուցելու Ձեր ստեղծած ժառանգության համար, որն այսօր ժառանգվեց նաև մեր փոքրիկներին՝ ի դեմս «Ծիածան» նվագախմբի, ի դեմս բազմաթիվ այլ մանկական նվագախմբերի, որ երգելու են, և, իհարկե, մեր Զինված ուժերի հիմնը, մեր հոգու հիմնը, մեր երազանքների հիմնը, որն այն մասին է, որ մենք ունենք հայրենիք, որի մասին երազել ենք, և մենք ունենալու ենք հայրենիք, որի մասին շարունակում ենք երազել»։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Վարչապետը Ռոբերտ Ամիրխանյանին հանձնել է պետական պարգևը և ևս մեկ անգամ շնորհավորել 80-ամյա հոբելյանի առթիվ։ ՀՀ ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ Անվանի կոմպոզիտորը ծնվել է 1939 թ. Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդուարդ Միրզոյանի դասարանը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է մի քանի հարյուր երգ, վոկալ շարքեր, օպերետներ, առաջին հայկական մյուզիքլը՝ «Ատամնաբույժն արևելյան», երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հեղինակ է հայտնի և սիրված բազմաթիվ երգերի երաժշտությունների: 2012 թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր