211652_close_icon
views-count2480 դիտում article-date 22:33 26-11-2019

Ստամբուլի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործչի է ընդունել աշխատանքի. ermenihaber.am

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նոր նշանակումը աղմուկ է բարձրացրել իշխանամետ մամուլում, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/11/26/%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/170354]ermenihaber.am[/url]-ը։ Իմամօղլուն քաղաքապետարանում խորհրդական է նշանակել տարբեր հարցերում իշխանության հանդեպ սուր քննադություններով հայտնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբային: Իշխանամետ կամ աջ ուղղվածություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ «սկանդալային» են որակել այս նշանակումը ու ներկայացրել անցյալում տարբեր հարցերում իշխանություններին ուղղված Թանբայի սուր քննադատություններից մի քանիսը: Մասնավորապես Էրդողանի խոսափող համարվող «Sabah» թերթի կայքը հիշեցրել է, որ Թանբայը 2016-ին միացել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին ու մեջբերել այդ առիթով սոցցանցում նրա արած գրառումը. «Պետությունը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում տրամադրի, ետ վերադարձնի հայերին պատկանող պետականացված գույքերը ու քաղաքացիություն տրամադրի նրանց»: Աղբյուրը հիշեցրել է նաև, որ մի առիթով Թանբայն ասել էր, որ ոչ ոք իրեն չի կարող ստիպել կրկնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ավանդած կարգախոսը՝ «Երջանիկ է նա, ով ասում է` ես թուրք եմ»: Թամբայը բազմիցս սուր քննադատություններ է հնչեցրել նաև քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հասցեին: Հավելենք, որ մասնագիտությամբ պարուհի Զեյնեփ Թամբայը հայտնի թուրք քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի կինն է: Ուրասը մասնակցել է Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպած «Ներեցե՛ք մեզ» ակցիային, որի ժամանակ նրանք հայերից ներողություն էին խնդրում այն բանի համար, որ «Մեծ աղետը, որին 1915 թվականին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, բախվում է անտարբերությանը և ժխտողականությանը»: Հայաստան ու Արցախ այցելած Ուրասը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ «առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալու մեկնել է Ղարաբաղ»:

Նմանատիպ նյութեր