211652_close_icon
views-count1665 դիտում article-date 23:34 26-11-2019

ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության խթանման լավ հարթակ է. վարչապետն ընդունել է Գեորգի Ծերեթելիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի կարևոր գործընկերն է ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում և նշել, որ այն երկխոսության խթանման լավ հարթակ է: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր հետևողական գործունեությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն ու տեսակետները: Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Գեորգի Ծերեթելին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում, ընտրական գործընթացների կազմակերպման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման և այլ ուղղություններով: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը և ընդգծել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր