70509 դիտում
14:32 29-11-2019
ՇՏԱՊ. 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում ծառերի իսկական ջարդ են իրականացրել. ու՞ր է նայում մարզի ոստիկանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում 10 մլն ծառ կտնկվի ու մինչ վարչապետի հանձնարարականով մարդիկ փորձում են կյանքի կոչել այդ գաղափարը, Կոտայքի մարզի Աղվերանի անտառներում իրականացվել է 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ՝ քոքից կտրելով 40-ից ավելի հսկայական՝ 40, 50, 60 տարեկան սոճիներ:
Ո՞վ է այս վանդալիզմի հեղինակը, դեռևս անհայտ է, բայց որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պետք է հետևություններ անեն ու օպերատիվորեն արձագանքեն հրապարակմանը և հայտնաբերեն ծառերի ջարդ իրականացնողներին, դա արդեն ոստիկանության համար պատվի հարց է:
Ծառերի սպանդը իրականացվել է մի քանի օր առաջ, քանի որ հետքերը դեռ թարմ են ու մարզի ոստիկանությունը պետք է տաք-տաք հայտնաբերի ծառահատներին և օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության:
Ստացվում է, որ մինչ իշխանությունները լծվել են վարչապետի կոչ-հորդորը իրականություն դարձնելուն, առողջ ծառերը քոքից վերացնում են: Ու ադ դեպքում ստացվում է ՝ եղածը չենք պահում, մտածում ենք նորը տնկելու մասին:
[b]***
Հ.Գ. Հոդվածը հրապարակելուց հետո «Հայանտառը» հերքման տեքստ է ուղարկել: Դուք տեսեք, ինչ են գրել.
[/b]
«Աղվերանում իրականացված ծառահատումները եղել են ձնաջարդ տարածքներում, որտեղ դեռևս գարնանը տեղացած ձյան հետևանքով ծառերը կոտրվել էին և արմատախիլ եղել:
Այս կապակցությամբ «Հրազդանի անտառտնտեսության» ավագ մասնագետի կողմից դրանք կնքվել, համարակալվել ու ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որտեղից եկել և ուսումնասիրել են կատարված աշխատանքը, որևէ խախտում չի հայտնաբերվել:
Հատատոմսը գրվել է 16.10.2019թ.` համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 25.09.2019թ. N 91 հրամանի»:
Սրանք մեզ ձեռ են առնում: Ավելի քան 40 ծառ վերցրեցին ու արմատախիլ եղան: Այդ տրամաբանությամբ, ամբողջ անտառը պետք էր կտրել, քանի որ ձյունը ամբողջ անտառի վրա է տեղացել: Դուք լուսանկարներում արմատախիլ եղած ծառեր տեսնում ե՞ք: Ոնց որ թե, ոչնչացված ծառերի բները իրենց տեղում են: Առողջ բներ են, գերանների տեսքից չի երևում, որ փչացած, արմատախիլ եղած ծառեր են եղել:
Ասում են, կնքվել, համարակալվել են: Ցույց տվեք այն ծառերը, որոնք արմատախիլ են եղել, դուք էլ՝ կնքել եք: Մենք չենք տեսել կնքված ծառեր: Ե՞րբ և որտե՞ղ եք համարակալել: Ներկայացրեք համարակալման փաստաթղթերը, կնքման ակտերը: Կտրված ծառերից միայն երեք վրա ենք տեսել կնքման հետքերը:
Եվ վերջապես, վերցրել, ու ծառահատումների ընթացքում քանդել են մասնավոր տարածքում գտնվող ցանկապատերը: Ո՞վ է ձեզ թույլ տվել: Ի՞նչ իրավունքով: Ցանկապատերն էլ է՞ին արմատախիլ եղած: Ո՞վ է փոխհատուցելու ցանկապատերի սեփականատերերի կրած վնասը:
Այս հերքում կոչվող լապշայով ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Կան ծառահատումների հստակ բնապահպանական նորմատիվներ, որոնցից ոչ մեկն առայժմ չենք տեսել: Մենք առայժմ մեր աչքերին ենք հավատում, ու հետամուտ ենք լինելու, որպեսզի ծառերի սպանդի իրական հեղինակներին ի հայտ բերենք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+