211652_close_icon
views-count4850 դիտում article-date 18:54 29-11-2019

ՀՀ ՊՆ-ն չի երկարաձգի 27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ որոշել է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետի երկարացման չգնալ: Արդյունքում 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը, վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Հիմա ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ որոշվածը հետևյալն է՝ մենք այլևս այդ օրենքի երկարացման չենք գնալու: Հնարավորություն են ունենալու մինչև օրենքի գործողության ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 31-ը գալ ու վճարել այդ գումարը: Քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գալ ու ներկայանալ»,-ասաց փոխնախարարը: Բալայանը նաև նշեց, որ պատգամավորների կողմից կա օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնություն, սակայն իրենք տվել են իրենց բացասական եզրակացությունը: Գործող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերադառնալ Հայաստան, սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվել քրեական հետապնդումից: Սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նմանատիպ նյութեր