5817 դիտում
10:01 30-11-2019
ՀՀ-ում աշխատողները պետք է վճարեն չաշխատողների առողջության ապահովագրության համար․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համապարփակ ապահովագրության: Ու դրա համար նախատեսում է սահմանել նոր՝ առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը՝ սեփական աշխատավարձից:
Իբր Հայաստանում աշխատավարձերն այնքան բարձր են, հիմա էլ նոր հարկ: Այն էլ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով: Մինչ այդ, իհարկե, նախատեսվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը՝ 23 տոկոսից դարձնելով 20 տոկոս: Բայց դրանով հանդերձ, ստացվում է, որ կառավարությունը 3 տոկոսով իջեցնում է եկամտային հարկը, որպեսզի 6 տոկոս նոր հարկ դնի:
Թե դա ինչպե՞ս է ազդելու մարդկանց եկամուտների վրա, դժվար չէ պատկերացնել: Այս փոփոխություններից հետո իրականում աշխատող քաղաքացիների եկամուտները ոչ թե ավելանալու են, ինչպես մինչև հիմա ներկայացվում էր, այլ նվազելու են: Նոր հարկի ներդրումից հետո տեղի է ունենալու հարկային բեռի ծանրացում:
Որ առողջության ապահովագրությունն անհրաժեշտություն է, այդպես էլ կա: Բայց ներկա պայմաններում արդյո՞ք նորմալ է լրացուցիչ 6 տոկոսանոց հարկ դնելը, երբ առանց այն էլ մարդկանց եկամուտները շատ ցածր են: Եվ ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են ավելանում: Աշխատող քաղաքացիների 60 տոկոսի աշխատավարձը չի անցնում 150 հազար դրամից: Խոսքը 360 հազար մարդու մասին է, որոնք այդ գումարով հազիվ կարողանում են հոգալ իրենց նվազագույն սոցիալական կարիքները:
Նման ցածր աշխատավարձերի պայմաններում 6 տոկոսանոց նոր հարկային բեռը սոցիալական առումով մեծ ծանրություն է շատերի համար: Ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աշխատող քաղաքացիներն անհամեմատ ավելի քիչ են, քան չաշխատողները:
Այսօր Հայաստանում հայտարարագրված է 602-603 հազար աշխատող: Ու ստացվում է, որ այդ մարդիկ պետք է վճարեն մի քանի անգամ ավելի՝ չաշխատող քաղաքացիների առողջության ապահովագրության համար: Խոսքը սոցիալական արդարության մասին չէ: Խոսքը դրա արդյունքում հարկային բեռի այդքան լուրջ ծանրացման մասին է:
Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում շուրջ 250 հազար գործազուրկ կա: Առողջության համատարած ապահովագրություն ներդնելուց առաջ, նախ պետք է մտածել այդ մարդկանց աշխատանքով ապահովելու մասին: Այդ դեպքում հաստատ առողջապահության հարկի բեռը ոչ թե 6 տոկոս, այլ շատ ավելի ցածր կլինի: Շատ ավելի ցածր կլինի նաև ճնշումն աշխատող քաղաքացիների վրա:
Իսկ եթե կառավարությունն այնուամենայնիվ մտադիր է անտեսել այս ամենը և անցնել պարտադիր ապահովագրության, ապա պետք է բարի լինի շատ ավելի մեծ ֆինանսական բեռ ստանձնել: Եվ ոչ թե հասարակության առանց այն էլ խղճուկ աշխատավարձերի հաշվին փորձի իր ուսերից գցել մարդկանց առողջության ապահովման պարտավորությունը:
Այնպես չէ. որ առողջության համատարած ապահովագրության անցնելու գաղափարը նոր է: Այդ մասին վաղուց է խոսվում: Բայց նախկին կառավարությունները չէին շտապում գնալ դրան, որովհետև մի կողմից պատրաստ չէին նման ֆինանսական բեռ ստանձնել, մյուս կողմից հակված չէին աշխատող քաղաքացիներին դնել այդպիսի ծանրության տակ:
Համատարած ապահովագրության անցնելու հետ կապված խնդիրները, իհարկե, միայն ապահովագրավճարի չափով չեն սահմանափակվում: Պակաս կարևոր չէ, թե այն որքանո՞վ կարդարացնի ակնկալիքները: Պետք է ենթադրել, որ առողջության համապարփակ ապահովագրության անցնելուց հետո ունենալու ենք բոլորովին նոր որակի բուժսպասարկում:
Իսկ ինչքանո՞վ է համակարգը պատրաստ դրան: Այսօր էլ ըստ էության այդ համակարգը մասնակիորեն գործում է հասարակության որոշ հատվածի համար: Արդեն մի քանի տարի է, ինչ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է նաև պարտադիր բժշկական ապահովագրություն: Ու դրանում ընդգրկված է շուրջ 150 հազար մարդ:
Բայց արդյո՞ք ապահովագրության այդ համակարգն արդարացրել է իրեն, և մարդիկ կարողանում են դրա շրջանակներում նորմալ բժշկական սպասարկում ստանալ, թե՞ գումարները պարզապես փոշիանում են:
Այս հարցերի պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն: Միանշանակ չէ նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող, այսպես կոչված, անվճար բուժսպասարկման արդյունավետությունն ու որակը:
Այնպես որ, համատարած կամ համապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ, կառավարությունը և, առաջին հերթին, Առողջապահության նախարարությունը նախ պետք է փորձի շտկել այսօր գործող համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու թերությունները: Այլապես, եթե պիտի հետագայում էլ այսպես շարունակվի, ապա ոչ մի ապահովագրություն էլ մեզ չի փրկի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25899 դիտում
21:54 31-07-2017
«Գառնի»-ն տեսնելու համար օտարերկրացիները պետք է վճարեն 1500 դրամ, ՀՀ քաղաքացիները՝ 500 դրամ. Tert.am
70260 դիտում
09:57 23-12-2017
Մարտի 1-ից հայ վարորդները Վրաստան մտնելու համար պետք է վճարեն
Այս բաժնից
907 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»