8119 դիտում
19:52 02-12-2019
Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը. 17.am
«Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը ու ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին ու այդպես ապրեք»: Սա «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի ամենահայտնի միտքն է:
Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված, 16 մասից բաղկացած համանուն հեռուսատասերիալը՝ հաղորդելով ժամանակակից կյանքի շունչը: Անվիճելի է, որ ֆիլմը սիրվեց հատկապես երիտասարդների կողմից: Ֆիլմի, դերասանի մասնագիտության, Ամանորի և այլ թեմաների մասին [url=http://www.17.am/%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D6%84-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%A8/?fbclid=IwAR1YqVBGpXM50JlTuJSR1QMl5jydsxH7lY-fvyNvwWiDWaP5ateXfDNpBuM]17.am[/url]-ը զրուցել է հեռուստասերիալի գլխավոր դերասաններից մեկի` Արմեն Միքայելյանի հետ:
-Ինչպե՞ս ընտրեցիր դերասանի մասնագիտությունը:
- Դերասանի մասնագիտության մասին չեմ երազել: Ամեն ինչ սկսվեց, երբ բացվեց Աշոտ Ղազարյանի «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոցը»: Պապիկս ինձ տարավ այնտեղ, որպեսզի փորձեմ ուժերս: Միաժամանակ արդեն սկսեցի հաճախակի այցելել ներկայացումների: Հետո արդեն սկսեցի շատ գրքեր կարդալ և սիրահարվեցի դերասանի մասնագիտությանը:
- Ի՞նչ թերություններ և առավելություններ կնշես դերասանի մասնագիտության մեջ:
- Դերասանի մասնագիտության միջոցով կարողանում ես շատ արագ և հեշտ ճանաչել դիմացինիդ, իսկ որպես թերություն կարող եմ նշել ցածր աշխատավարձը կամ այն, որ ինստիտուտը տարեկան ավարտում են 80-ից 100 դերասան, և մեծ մասը մատնվում են անգործության:
- Ամենակարևոր հատկանիշը դերասանի համար:
- Դերասանը ուղղակի պարտավոր է լինել բազմակողմանի զարգացած և շատ կարդացած: Այդ ամենը կարող եք նկատել առանց նրա հետ շփվելու, այլ ուղղակի նրա աչքերին նայելով:
- Խոսենք «Վերջին ուսուցիչը» ֆիլմից: Ինչպե՞ս ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը:
- Ինստիտուտում հայտարարեցին քասթինգ, որը անցկացվելու էր Ռադիոտանը: Առաջին օրը ուսումնասիրեցի Աշոտի կերպարը: Երեք շաբաթ անց զանգեցին ու առաջարկեցին Վահանի դերը, ինչի համար ուրախ եմ, որովհետև Աշոտի կերպարը ինձնից շատ հեռու է, ու հաստատ դժվարություններ կառաջանային:
- Արմեն, ի՞նչ ես կարծում՝ ո՞րն էր հեռուստասերիալի հաջողության գաղտնիքը:
- Ֆիլմը պարզ մարդկային հարաբերությունների մասին է: Հերոսները սովորական մարդիկ են` իրենց դրական և բացասական կողմերով, ճիշտ ու սխալ քայլերով: Այս ամենի շնորհիվ էլ ֆիլմը դիպավ մարդկանց սրտերին:
- Քո դպրոցական տարիներին ո՞ր կերպարին էիր նման:
-Հենց Վահանի կերպարին: Ես էլ էի բավականին լավ սովորում և ունեի հանգիստ բնավորություն: Ֆիլմում Վահանը որոշ հատվածներում մեջբերումներ է անում «Աստվածաշնչից»: Իրական կյանքում ես էլ շատ աստվածապաշտ եմ ու ոգեշնչվում եմ «Աստվածաշնչից»:
- Ո՞ր ֆիլմն է քեզ վրա խորը ազդեցություն թողել:
- Մել Գիբսոնի նկարահանած «Խղճի թելադրանքով» ֆիլմը. խորհուրդ կտամ դիտել բոլորին:
- Խոսիր թատրոնի և կինոյի տարբերությունների մասին:
-Երկուսում էլ հիանալի միջավայր է, բայց կինոյում ես ինձ կաշկանդված եմ զգում, թատրոնում՝ ազատ: Բացի այդ, «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալում կան կադրեր, որտեղ իմ խաղից շատ դժգոհ եմ, բայց ուղղելու հնարավորություն չունեմ, իսկ թատրոնում ես դրա հնարավորությունը միշտ ունեմ:
- Ըստ քեզ՝ ե՞րբ որևէ հայկական ֆիլմը կարժանանա Օսկարի:
- Հավատացեք՝ մեր դերասաններից ոմանք ոչ մի բանով չեն զիջում հոլիվուդյան դերասաններին, բայց միայն դա քիչ է: Մեզ անհրաժեշտ է նաև լավ օպերատորական, լավ մոնտաժային, լավ տեխնիկական աշխատանք, դրա համար էլ անհրաժեշտ է գումար, իսկ հայկական կինոարտադրությանը շատ քիչ գումար է հատկացվում:
-Պատմիր քո և գրքերի կապվածության մասին
- Գրքերը իմ մոլուցքն են: Ընդունվելու համար պետք է գրականության մի երկար ցանկ կարդայի: Մուտքը դեպի գրականություն ազդարադվեց Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործությամբ: Ինչ-որ կոնկրետ գիրք առանձնացնել չեմ կարող: Սիրելի են այն գրքերը, որոնց մեջ ես ինձ եմ տեսնում: Հիմա գրքերս ինձնից նեղացած են, երեսիս էլ չեն նայում, որովհետև ժամանակս շատ սուղ է կարդալու համար:
- Արմեն, հեռուստասերիալում քո սերը հաղթահարեց բոլոր դժվարությունները: Իրական կյանքում քո սիրտը զբաղվա՞ծ է:
- Փոքրիկ գաղտնիք բացեմ. դերասանների մեծ մասի սիրտը միշտ զբաղված է. դա մեզ առաջ է մղում: Հիմա իմ կողքին աղջիկ չկա, բայց ես շատ հաճախակի եմ սիրահարվում ու սիրահարվում եմ միմյանցից շատ տարբեր աղջիկների:
-Հիշո՞ւմ ես առաջին սերդ:
- Այո, չորրորդ դասարանում ես և ընկերս սիրահարված էինք տասներորդ դասարանի մի աղջկա: Մենք պայքարում էինք մեր սիրո համար, այսիքն այն բանի համար, ինչը որ սեր էինք համարում, բայց երբեք չէինք պայքարում միմյանց դեմ: Մինչև հիմա պահպանել եմ օրագիրս. օրինակ՝ 14-րդ էջում սիրահարված էի Անիին, 16-րդ էջում՝ Լիանային և այդպես շարունակ: Հիմա ծիծաղով եմ թերթում էջերը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.17.am/%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D6%84-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%A8/?fbclid=IwAR1YqVBGpXM50JlTuJSR1QMl5jydsxH7lY-fvyNvwWiDWaP5ateXfDNpBuM]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
11542 դիտում
21:28 12-09-2020
«Թավշյա հեքիաթ 4». Հերթական հեքիաթը սիրված հեքիաթասացից. ՏԵՍԱՆՅՈՒԹ