211652_close_icon
views-count1601 դիտում article-date 12:32 10-12-2019

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ համաձայն չէ, որպեսզի ՍԴ ներկայիս նախագահն ու դատավորները որևէ աշխատանք չիրականացնելու համար պետությունից կենսաթոշակ ստանան: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հայտնել էր, որ դեմ է ներկայացված օրենքի նախագծին: ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Բադասյանը նշել էր, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով: Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Նմանատիպ նյութեր