1194 դիտում
20:38 13-12-2019
Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյանը՝ Հանրայինի՝ վճարովի գովազդ ցուցադրելու նախագծի մասին
Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծի մասին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:
Մանուկյանն ասաց, որ այս նախագիծը մեծ վտանգ է պարունակում հասարակության համար: «Մի քանի տարի առաջ հիմնական քննարկման նյութը դարձել էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդատուների, տարբեր հովանավորչական փաթեթների ճաշակով չշարժվեր, այլ շարժվեր հանրության պահանջներով, դրա համար էր, որ Հանրայինից գովազդն արգելվեց: Հիմա, փաստորեն, երբ 2020 թվականի բյուջեն հաստատվել է և Հանրայինի գումարի հատկացումն արդեն արվել է հաջորդ տարվա համար, հավելյալ այդպիսի նախաձեռնությամբ հսկայական ֆինանսական միջոցների ուղղորդումը Հանրային Հեռուստաընկերություն որևէ բացատրություն չունի»,- ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ ներկայացված նախագիծն ունի բազմաթիվ բացեր: «Մատնանշվում է հինգ րոպե գովազդ ամեն ժամը մեկ, բայց այնտեղ կա մի վտանգավոր կետ. նախանշվում է հովանավորչական գովազդից դուրս գովազդ. սա որևէ սահման չճանաչող է և անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, ամեն վայրկյան ցանկացած հաղորդման մեջ մենք կարող ենք ականատես լինել գովազդի»,- ասաց նա:
Նախագիծը նաև խտրական մոտեցում է դրսևորում հեռուստաընկերությունների նկատմամբ: «Կա երրորդ կետը. խտրական մոտեցում է դրսևորվում հեռուստաընկերությունների նկատմամբ, երբ որևէ հեռարձակման ընթացքում երևացող պատկերում երևացող գովազդը չի դիտվում որպես գովազդ. դա նշանակում է, որ կարելի է որևէ իքս ընկերության բացումը ուղիղ եթեր հեռարձակել՝ պատճառաբանելով, որ այս կամ այն պաշտոնյան այնտեղ ներկա է, և Հանրայինը, իր աշխատանքային պարտականություններից ելնելով, լուսաբանում է դա: Այս դեպքում դա գովազդ չի դիտվի»,- նշեց բանախոսը:
Նրա կարծիքով՝ Հանրայինը գովազդային դաշտում այլ ֆունկցիաներ պետք է ունենա և ոչ թե ամեն մի հերթական գովազդը հավաքող լինի. բազմաթիվ վտանգներ կան:
«Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում է խիստ անհավասար պայմաններ: Օրինակ՝ վերջին շրջանում Հանրային Հեռուստաընկերությունը տարբեր հանրային նշանակության միջոցառումները չի դարձնում բոլոր հեռուստաընկերությունների սեփականությունն ինչպես եղել է տարիներ շարունակ»,- ասաց նա և օրինակ բերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը:
Մանրամասն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
598 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ