1732 դիտում
16:30 16-12-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր, մրցույթներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և խորհրդի հետ համատեղ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու է մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր, մրցույթներ և այլն:
Այդ նպատակով նախաձեռնած առաջին միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ դեկտեմբերի 15-ին հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նկարիչների և ճարտարապետների միության անդամ, «Ազգայինարժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադևոսյանը՝ դստեր՝ Նարե Թադևոսյանի հետ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Իսայան Շաքեն, Ղազարյան Թագուհին, Հովհաննիսյան Արթուրը և Ստեփանյան Տիգրանը:
Ն. Զոհրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, նախ շնորհավորեց ներկաների գալիք տոները, ապա ներկայացրեց միջոցառման նպատակն ու խորհուրդը, այն է՝ արվեստի միջոցով գեղեցիկ և լուսավոր օր նվիրել ազատությունից զրկված անձանց:
Ներկաներին ողջույնի խոսք ասաց նաև Աշոտ Թադևոսյանը՝ հավելելով, որ մշակույթը, արվեստն այն լավագույն միջոցներն են, որոնց օգնությամբ փոխվում է մարդու վերաբերմունքը կյանքի, շրջապատի, մարդու և սեփական անձի նկատմամբ: Այնուհետ նրա մասնակցությամբ իրականացվեց միաժամանակյա նկարչության մրցույթ, որի ժամանակ դատապարտյալ կանայք նկարում էին Ա. Թադևոսյանին, իսկ վերջինս՝ դատապարտյալ կանանց: Լավագույն նկարների 4 հեղինակաները հյուրերի կողմից արժանացան պարգևների:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվում էր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի կենդանի կատարմամբ: Հատկանշական է, որ ազատազրկված կանանցից մեկն օրվա խորհուրդն ամբողջացրեց իր երգարվեստով. նրա կատարմամբ հնչեցին ազգային, հայրենասիրական երգեր:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը և հիմնարկի անձնակազմին նման բացառիկ օր իրականացնելու համար՝ միջոցառման կազմակերպիչներն ազդարարեցին նաև «Ես սիրում եմ իմ երկիրը» թեմայով մրցույթի մասին, որն իրականացվելու է քրեակատարողական բոլոր հիմնարկներում և նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Մրցույթին ներկայացված աշխատանքները՝ խեցեգործություն, քանդակ, ձեռագործություն, կտավ և այլ ոճի աշխատանքներ, ցուցադրվելու են Անկախության օրը Նկարիչների միության շենքում: Լավագույն աշխատանքների հեղինակներն արժանանալու են դրամական պարգևատրումների:
Իր հերթին միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով հատկապես, որ այս միջոցառումը բովանդակային առումով և տրամադրությամբ եզակիներից մեկն էր մինչ այս իրականացված միջոցառումների շարքում:
Օրը տոնական և հիշարժան դարձնելու համար երախտիքի խոսքեր հայտնեցին նաև դատապարտյալ կանայք:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
16:21 01-07-2021
Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր. Հայաստանն ու Իրանը մշակութային կապերն ամրապնդեցին հուշագրի ստորագրմամբ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»