2398 դիտում
22:38 14-01-2020
«Հոկտեմբերի 27-ի» տուժողի իրավահաջորդ պետք է ճանաչվի ՀՀ-ն. Անահիտ Բախշյան
Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման գործընթացի մասին ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին հղած բաց նամակում ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը համոզմունք է հայտնում, որ տուժողի իրավահաջորդ պետք է ճանաչվեն ՀՀ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։
Ըստ Ա.Բախշյանի՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը 8 րոպեում գլխատեց Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության, իսկ նախաքննությամբ տուժողների իրավահաջորդներ ճանաչվեցին զոհված 8 պետական այրերի ընտանիքների անդամները, իսկ տուժողներ՝ դահլիճում գտնված ԱԺ պատգամավորները.
«Գաղտնիք չէ, որ այդ ահաբեկչությունն ուղղված էր հենց 1999թ. ընտրված քաղաքական իշխանության դեմ, որը հնարավոր ամեն քայլով պաշտպանում և պաշտպանելու էր մեր երկրի ռազմավարական ինքնիշխանությունը, մեր անկախությունը, որոնք 1999-ի ահաբեկչությունից հետո հետագա տարիներին աստիճանաբար կորցնում էինք։ Փառք աստծո, այդ վայրընթացի արագությունը նկատելիորեն ընկել է, սակայն առկա կասեցումն առավել շոշափելի կլինի և մեր ինքնիշխանության հիմքերն ավելի կամրանան հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում։ Գործի վերաբացումն արդեն իրականություն է, և այն քննության է ուղարկվել ԱԱԾ, որտեղից 11.01.2020թ. արդեն ստացել ենք քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը»։
Ա.Բախշյանը մտահոգություն է հայտնում միայն ԱԱԾ-ում (մեկ մարմնում) ձևավորված քննչական խումբ ձևավորելու վերաբերյալ. «որովհետև հատկապես անջատված մասի 17 հատորների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նախաքննության 4 տարիների ընթացքում նախկինում մեկ մարմնում ձևավորված քննչական խմբի կողմից որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել որպես կազմակերպիչ, ուղղորդող, որևէ մեկը չի ներգրավվել այս վարույթով որպես մեղադրյալ, սակայն կա փաստական տվյալների բավարար համակցություն, հանցակազմերի առկայություն հատկապես այն մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել ահաբեկչությունը, պատշաճ կերպով ապահովել պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, որը ԱԱԾ-ի սուրբ պարտականությունն է», գրում է Յուրի Բախշյանի այրին ու առաջարկում՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմնի տուժողի իրավահաջորդ հայտարարել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության։
Նրա համոզմամբ, այս քայլով 2018թ. հեղափոխությունից հետո ժողովրդի վստահության մեծ պաշար ունեցող ՀՀ-ն կհայտարարի իր ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի վրա գտնվելու մասին, քան այն կար 1999-ի ահաբեկչությունից հետո.
«Վերաբացված գործը հանձնարարել այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիանալ քննիչներ (ներառյալ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն և բարձրագույն ակնածանք իրենց ուսադիրի նկատմամբ, որոնց համար Հայաստանի պետական անվտանգությունն ապահովելը պատվի խնդիր է, իսկ դրանց կրկնությունը բացառելը՝ կյանքի խնդիր»։
Վերաբացված գործում ինքն իրեն հայտարարելով որպես տուժողի իրավահաջորդ՝ ՀՀ-ն, ըստ Ա.Բախշյանի՝ կլինի պահանջատեր ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով և օրենքներով նախատեսված իր՝ «տուժողի իրավունքներն իրացնելու նկատմամբ, ամբողջ ուժով կպաշտպանի պետական շահն ու պետության իրավունքները։ Պետության իրավունքների պաշտպանությունը կդրվեն տուժողի իրավահաջորդ ՀՀ ԱԺ-ի՝ ի դեմս ԱԺ նախագահի և ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ վարչապետի վրա։ Գործի արդյունավետության համար պատասխանատվություն կկրեն հենց իրենք՝ առանց միջամտելու քննչական խմբի գործողություններին»։
Ա.Բախշյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տուժողը նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին է, մեծից՝ փոքր. ինքն էլ է շահագրգռված այս գործի վերաբացմամբ և ահաբեկչության կազմակերպիչների բացահայտումներով։
«Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին, նրանց բացահայտումն այլընտրանք չունի, որպեսզի այլևս երբեք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ որևէ հանցագործություն չկրկնվի, իսկ քննչական խումբը պետք է գործի մեկ նշանաբանով՝ ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք», գրել է Անահիտ Բախշյանը եւ նշել, որ ակնկալում է իր բաց նամակի պատասխանը՝ գրավոր կամ հրապարակային։ Նամակի հեղինակը նաեւ վստահ է, որ իր առաջարկի գաղափարին համամիտ կլինեն նաև մյուս 7 զոհված պետական այրերի ընտանիքների անդամները։
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
20:32 27-01-2015
Ավետիսյանների գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
1081 դիտում
13:45 15-12-2024
ԱԺ թանգարանում ոչ մի տեղեկատվություն չկա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին․ Անահիտ Բախշյան
Այս բաժնից
1048 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1528 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1180 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am