211652_close_icon
views-count14234 դիտում article-date 16:48 16-01-2020

Թաղման նպաստ կվճարվի նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագիծը։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում. 18 տարին լրացած անձի ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ. 1. «Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաև 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից. 2. hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին. 3. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով: «Նպաստառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվում է նաև օտարերկրյա պետությունում մահացած անձանց դեպքում նախատեսվող համապատասխան փաստաթուղթը»,- ընդգծեց նախարար Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր