Փրկարարական ուժերի վարչությունը ամփոփում է 2019 թվականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՓԾ փրկարարական ուժերի վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներել-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ 2019 թվականի արդյունքների ամփոփումը պետք է հիմք հանդիսանա փրկարարական ուժերի զարգացման տեսլականի համար, ինչպես նաև` արձագանքման արդյունավետության բարձրացման համար:
Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Փրկարարական ուժերի վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
1. Արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում (ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն իրականացրել է 2042 ելք)
2. Օպերատիվ տակտիկական պատրաստություն
3. Միջազգային համագործակցություն
4. INSARAG թիմերի պատրաստականության աստիճանի ապահովում
5. Փրկարարական ուժերի պատրաստության բարձրացում
6. Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործում
7. Ծառայության կազմակերպում
8. Պլանների և ծրագրերի մշակում
2019 թվականի ընթացքում խրախուսվել է ՓՈՒՎ 163 փրկարարական ծառայող, կարգապահական տույժի ենթարկվել` 3 փրկարարական ծառայող:
Ամփոփելով զեկույցը ՓՈՒՎ պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց առաջարկություններ ուղղված 2020 թվականին վարչության գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը:
Փրկարար ծառայության տնօրենը առանձնացրեց այն խնդիրները, որոնք դրված են փրկարարական ուժերի վարչության առջև և նախանշեց զարգացման ուղղությունները:
Վ. Գաբրիելյանը շեշտեց մասնագիտական գիտելիքների կատարելագործումը` հիմնված սովորիր-սովորեցրու սկզբունքի վրա, ինչպես նաև` ակտիվ համագործակցությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ:
Կարևորվեցին այցերը հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու համար:
Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետության բարձրացման համար կարևորվեց հիդրատների վերանորոգման հարցը, որը պետք է իրականացնել համագործակցելով համապատասխան կառույցների հետ:
Փրկարար ծառայության տնօրենը առանձնակի շեշտեց կատարված հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության կարևորությունը, որը թույլ կտա գնահատել խնդիրները և հետագայում խուսափել դրանցից: