Օբամեյանգը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբը մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը՝ վնասվածք ունեցող Լուիս Սուարեսին երկար ժամանակով կորցնելու պատճառով:
30-ամյա Օբամեյանգն արդեն տվել է իր համաձայնությունը կատալոնացիների ճամբար տեղափոխվելու կապակցությամբ, ինչը կարող է որոշիչ գործոն լինել նրա տեղափոխման հարցում:
Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ: Ներկայումս գաբոնցին «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (1:1) կարմիր քարտ ստանալու պատճառով 3-խաղյա որակազրկում է անցնում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2021թ. ամռանը: