211652_close_icon
views-count2777 դիտում article-date 22:43 01-02-2020

Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման հերթական արշավը՝ Լոռու մարզում

Վանաձորում կայացել է գյուղոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Հայկ Ղևոնդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։ Միջոցառման ընթացքում Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։ Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլ նաև փոխհատուցման եղանակով։ Իռա Փանոսյանի խոսքով` մշակված նոր ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից: Նա հիշեցրել է, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար: Լոռու մարզի համայնքապետերն ու ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ։ Ֆերմերներին հուզող հարցերին ոլորտի պատասխանատուները տվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ։ Հայկ Ղևոնդյանը հորդորել է ակտիվ մասնակցել ծրագրերին և լրացուցիչ հարցերի դեպքում դիմել գյուղատնտեսական խորհրդատվության վարչության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին։ Իրազեկման արշավներն առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության մյուս մարզերում։

Նմանատիպ նյութեր