211652_close_icon
views-count2667 դիտում article-date 13:10 05-02-2020

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է ՀՀ Արարատի մարզի դատախազության գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Արարատի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, դրանց պատճառները, կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 2019թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործություն¬ների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Վերջինս պայմանավորված է առավելապես հանցագործությունների հաշվառման արդյունավետության բարձրացմամբ, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 71,5 տոկոս` նախորդ տարվա 74,6 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած այս հանցատեսակի կանխարգելման նպատակով մարզի դատախազության կողմից անցած տարվա ընթացքում իրականացված աշխատանքին, իրավիճակը շարունակում է ահազանգող մնալ իրավապահ բոլոր մարմինների համար: Նա կարևորել է ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համգործակցության շարունակումը ինչպես բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, ռիսկային բնակատեղիներում ոստիկանության պարեկային ծառայությունն ուժեղացնելու ուղղություններով: Արթուր Դավթյանը նշել է, որ ավտոճանապարհների բանուկ հատվածներում, բնակավայրերի կոնկրետ թիրախային հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների օգնությամբ նախորդ տարվա ընթացքում հնարավոր է դարձել հայտնաբերել բնակարանային գողություններով զբաղվող հանցավոր խմբեր, այլ բնույթի հանցագործություններ կատարած անձանց, ինչը վկայում է նաև մասնավոր ընկերությունների հետ գործակցությամբ տեսանկարահանող սարքավորումների տեղակայման գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին: Արարատի մարզում 50 դեպքով կամ 13,6 տոկոսով աճել են նաև միջին ծանրության հանցագործությունները (418/368): Բացահայտումը կազմել է 60,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65,7 տոկոսի դիմաց: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների և խարդախությունների դեպքերի թվի աճով: Փոխարենը մեկով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 72,2 տոկոս` նախորդ տարվա 62,5 տոկոսի դիմաց: 2019թ. արձանագրվել է սպանության 5 դեպք, նախորդ տարվա 3 դեպքի դիմաց: Սպանության նշված 5 դեպքերով բացահայտումը կազմել է 80 տոկոս` նախորդ տարվա 75 տոկոսի դիմաց: 2018թ. համեմատ 1 դեպքով նվազել են սպանության փորձի դեպքերը (4/3): Նշված 3 դեպքերն էլ բացահայտվել են, այն դեպքում, երբ 2018թ. բացահայտումը կազմել էր 50 տոկոս: Էական նվազում է արձանագրվել կողոպուտի դեպքերով: Մասնավորապես, 2018թ. 13 դեպքի դիմաց նախորդ տարի արձանագրվել է նման 4 դեպք: Ընդ որում՝ բոլորն էլ բացահայտվել են, ինչը 26.7 տոկյոսային կետով ավելի է 2018թ. համեմատ: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերն ավելացել են 19,8 տոկոսով, իսկ մահվան ելքով պատահարները՝ 2 դեպքով (20/18)։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, մասնավորապես իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու գործիքակազմը, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը, հաճախակի կրկնվող պատահարների հատվածները կահավորել ճանապարհային երթևեկության նշաններով, այդ գոտիներում ուժեղացնել ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Մարզի դատախազությունը նախորդ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքների և պատճառների վերացմանը: Հիմնականում՝ ՀՀ Արարատի մարզպետին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին և մի շարք համայնքների ղեկավարներին ներկայացվել է 15 միջնորդագիր և 9-ը հաղորդում: Դրանց քննարկման արդյունքում իրականացվել են իրավիճակից բխող կոնկրետ միջոցառումներ: Շոշափելի արդյունքներ են արձանագրվել մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիոն դեպքերի առթիվ քննվել է 83 քրեական գործ՝ 26.5 տոկոսով ավելի 2018թ. համեմատ: Հատկանշական է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 8 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 4 քրեական գործով 4 անձ դատապարտվել է: Դա այն դեպքում, երբ նախորդ տարի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ: Ընդհանուր առմամբ 2019թ. Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 189 քրեական գործ 238 անձի նկատմամբ, նախորդ տարվա 162 քրեական գործի, 207 անձի համեմատությամբ: Այսինքն 2019թ 16.6 տոկոսով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ 13 տոկոսով՝ դատի տրված անձանց թիվը: 2019թ. ընթացքում Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 406 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 224 մլն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 71.5մլն ՀՀ դրամ՝ ավելի քան տաս անգամ գերազանցելով 2018թ արդյունքը, որից վերականգնվել է 63մլն ՀՀ դրամը, կամ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 6,5 անգամ ավելի։ Համայնքներին պատճառված վնասը կազմել է 87.191.340 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 16.468.175 ՀՀ դրամը: ՀՀ գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի, պետական շահերի պաշտպանության, պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դինամիկան գնահատել է բավարար՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել և զարգացնել արձանագրված տեմպերը: Արթուր Դավթյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանն էապես պետք է նպաստի ինքնին հանցածին երևույթ հանդիսացող քրեական ենթամշակույթի և դրանք կրող խմբավորումների դեմ պայքարը, որը ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի այդ նպատակով ընդունված համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինները պետք է նախապատրաստվեն այդ չարիքի դեմ ողջ ծավալով իրավաչափ պայքարին, ինչի արդյունքները հասարակությունը պետք է զգա հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ իր հերթին աջակցություն ցուցաբերելով այդ պայքարին: Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ, որոնք վերաբերել են նաև քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր