211652_close_icon
views-count2075 դիտում article-date 09:35 10-02-2020

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը

Այսօր՝ փետրվարի 10-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին եւ Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ եւ Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում եւ սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող եւ փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք եւ 449 թվականին նահատակվում:

Նմանատիպ նյութեր