1544 դիտում
11:44 12-02-2020
Ինքնավնասում կատարած ազատազրկվածին կարգապահական տույժի ենթարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
Ինքնավնասում կատարած ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկում կարգապահական տույժի ենթարկելը և մեկուսացնելն անթույլատրելի է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ այսպիսի պրակտիկան պետք է բացառվի, և դա պետք է արվի նույնիսկ մինչև օրենքի փոփոխությունը:
«Քրեակատարողական հիմնարկներից մեկում իմ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունն արձանագրել է այդպիսի դեպք։ Այցի արդյունքներով որոշում եմ կայացրել նախաձեռնել վարույթ և արդյունքում կայացրել խախտման առկայության մասին որոշում»,- գրել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման:
«Որոշմամբ արձանագրվել է, որ կոնկրետ գործով չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝ անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և մեկուսացվել:
Ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:
Ավելին, անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է ուսումնասիրվի անհատապես և պետք է սահմանվի հսկողության իրավիճակային պլան:
Դրանից բացի, կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն դուրս բերվել (ազատազրկվածը գամված է եղել սանհանգույցի դռան վրա) և պատշաճ հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում», և անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով։
Ուստի, ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկվել է մշակել նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի նշանակումը»,- գրել է Թաթոյանը:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան:
«Խախտման որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկվել է նաև մշակել ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համալիր ռազմավարություն, ներառյալ՝ ռիսկերի գնահատման, դրանց համապատասխան հսկողության, միջմասնագիտական (բժշկական, սոցիալ-հոգեբանական, անվտանգության և այլն) համագործակցության մեխանիզմներ, ինչպես նաև յուրաքանչյուր անհատական դեպքում հստակ գործելակարգ:
Ազատությունից զրկված անձին ներկայացվել են իր խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ դատական կարգով այն իրացնելու հնարավորությունը: Որոշումն ուղարկել է նաև ՀՀ գլխավոր դատախազին՝ ի գիտություն»,-եզրափակել է Թաթոյանը:
Նմանատիպ նյութեր
830 դիտում
17:20 13-06-2022
Անթույլատրելի էր Բագրատ Եսայանին բերման ենթարկելն ու ձերբակալելը. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը
2956 դիտում
20:10 23-01-2017
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ինքնավնասում կատարած դատապարտյալներին
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»