211652_close_icon
views-count2862 դիտում article-date 13:09 13-02-2020

Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, եռակի աճել են կլինկերի ծավալները

Կառավարությունն այսօրվա նիստում 3 ամսով երկարացրեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամի պետական տուրք կիրառելու ժամկետը: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ նշելով. «Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար 14 հազար դրամ. Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, բայց դրա փոխարեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Ուստի մենք առաջարկում ենք ավելի լավ կարգավորում տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն կատարել և վերջնական գնահատական տալ այս մեխանիզմի մրցակցային ազդեցությանը: Դրա արդյունքում արդեն եթե անհրաժեշտություն առաջանա, տալ լրացուցիչ կարգավորում»: Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցնաիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը. «Այսինքն եթե 2018-ին ամսական ներկրել ենք 2,8 մլն տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստերլ, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»,-ասաց փոխնախարարը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որևէ տուրք սահմանված չէր. «Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենը այս նախագծով 3 ամսով երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, և արդյուք կլինկերի համար նույնպես պետք է պետտուրք սահմանել, թե ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»,- ասաց նա: Տիգրան Ավինյանը նկատեց, որ այս կարգավորումն անհրաժեշտություն էր, քանի որ ցեմենտի ներկրումը վտանգում էր ՀՀ-ում ցեմենտի արտադրությանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ արեց հետագայում այնպիսի կարգավորում գտնել, որպեսզի պետտուրք չլինի, որովհետև տուրք սահմանելն այնքան էլ համահունչ չէ ԵՏՄ կանոնների տրամաբանությանը. «Սա ըստ էության, մաքսատուրք է, որը զսպում է ներմուծումը, այսինքն ընդհանուր ԵՏՄ քննարկման հարց է»:

Նմանատիպ նյութեր