211652_close_icon
views-count2643 դիտում article-date 16:23 13-02-2020

Տավուշցիները տեղեկացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 12-ին այցելել են Տավուշ` մարզի ֆերմերներին և համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին իրազեկելու նպատակով: Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը, տվել պարզաբանումներ ֆերմերների կողմից հաճախ բարձրացվող հարցերի վերաբերյալ: Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է յուրաքանչյուր ծրագրի շրջանակում տրամադրվող պետական աջակցության եղանակներին, ֆինանսական վարձակալության՝ լիզինգի առանձնահատկություններին և ծրագրերով նախատեսվող արտոնյալ պայմաններին: Իռա Փանոսյանը հավելել է, որ ծրագրերը մշակելիս հատուկ շեշտ է դրվել դրանց փոխկապակցվածության վրա` ֆերմերներին հնարավորություն ընձեռելով օգտվել միաժամանակ մի քանի ծրագրերից, ինչը թույլ կտա ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն: Պարզաբանումներ են ներկայացվել նաև ֆերմերների կողմից հնչեցված մի շարք հարցերին` կապված ծրագրերի առանձին կետերի փոփոխությունների և լրացումների հետ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին` գյուղոլորտի պատասխանատուն հիշեցրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները. կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում 2020 թվականի փետրվարի 15-ը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը: Հանդիպման մասնակիցները հարցեր են բարձրացրել ինտենսիվ այգեգործության, գյուղմթերքի մթերման գնի, իրացման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ: Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման արշավները շարունակվելու են այլ մարզերում:

Նմանատիպ նյութեր