211652_close_icon
views-count4035 դիտում article-date 18:48 19-02-2020

Կանայք պատրաստվում են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի 19 –ից մինչև մարտի 7 –ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ հիմնական նպատակը աղջիկների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելն է: Ծաղկաձորյան հավաքից հետո աշխատանքները կշարունակվեն Երևանում: Պարապմունքները կունենան տեխնիկան հղկելու և կիլոգրամներն աստիճանաբար ծանրացնելու նշանակություն: Կհաջորդի Մոսկվայում ապրիլի 3-ին սկսվելիք Եվրոպայի առաջնությունը: Հույս կա, որ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու ուղեգրի կարժանանան: Նրանցից յուրաքանչյուրն արդեն մասնակցել է մրցակարգով սահմանված միջազգային վարկանիշային մրցաշարերից հինգին և մոսկովյան ստուգատեսը թվով վերջինը ` վեցերորդը կլինի: Գլխավոր մարզիչն անդրադարձավ Երևանում անցկացված Հայաստանի առաջնությանը: Մեր երկրում կանանց ծանրամարտի աշխարհագրությունն ընդարձակվել է: Հայտավորված շուրջ 50 մարզուհիները ներկայացնում էին Գյումրին, Արարատը, Էջմիածինը, Քասախը, մի քանիսն էլ ` Երևանն ու Վանաձորը: Ընդհանրապես մեծ է տեղերում աշխատող մասնագետների դերը: Որքան շատ լինեն տեխնիկապես գրագետ մարզուհիները, այնքան հեշտ ու արդյունավետ կլինի հավաքականի մարզիչների գործը: Այդ պարագայում կավելանան նաև նվաճումները:

Նմանատիպ նյութեր