211652_close_icon
views-count3256 դիտում article-date 22:50 22-02-2020

Երիտասարդները եղն ու բրինձը հազրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բարեկենդանի տոնը նշվում է Թեղենիքում: Երիտասարդական ակումբների դաշնության անդամները «Ազգային ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակում նախ ծանոթացել են ազգային ավանդական տոնացույցում ընդգրկված տոների կազմակերպման առանձնահատկություններին, ապա իրենց ձեռքբերած գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով մասնակցում են Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում իրականացվող Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբությանը: Երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունեցել Բարեկենդանին նվիրված երգ ու պարի, ժողովրդական խաղերի, դիմակահանդեսի, հացաթխման, Սուտլիկ հարսանիքի արարողությանը: «Համաշխարհայնացման այս գործընթացներում ազգային ավանդական արժեքների պահպանումն ու տարածումը էական նշանակություն ունեն: Դրա լավագույն ձևը երիտասարդներին ազգային տոնացույցում ընդգրկված տոների կազմակերպմանը մասնակից դարձնելն է: Այս նպատակն է հետապնդում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից իրականացվող երկարաժամկետ ծրագիրը: Այսօրվա մասնակից երիտասարդները վաղն իրենք են հանդես գալու ազգային արժեքների հիմքի վրա խարսխված նոր նախաձեռնություններով»,- ծրագրի կարևորության մասին ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Բուն բարեկենդանը, որը բառացի թարգմանելով նշանակում է «կենդանություն», «բարի կյանք», Մեծ պահքի առաջին կիրակին է և ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը: Հնում մեր նախնիներն անհամբերությամբ էին սպասում Բարեկենդանի տոնին ու երկար նախապատրաստվում էին դրան, սեղանը զարդարում առատ հյուրասիրությամբ: Աղքատները, որոնց մասին այդ օրն առանձնահատուկ հոգածություն էին ցուցաբերում, օգտվում էին իրենց համար նախատեսված ընդհանուր սեղաններից ու հյուրասիրությունից: Բարեկենդանի տոնակատարությունից հետո կիրակի գիշերը մածուն և կաթնով էին ուտում: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: «Ազգային ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի իրականացմանը աջակցել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: Ծրագրի գործընկերներն են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը, «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, Հայկական Փի Ար ասոցիացիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր