Գյումրիում նույնպես նշվեց Բարեկենդանը
«Ազգային արժեք» ակումբի նախաձեռնությամբ փետրվարի 23-ին Գյումրիում նշվեց Բարեկենդանը:
Պահքից առաջ խրախուսվում է մի լավ զվարճանալը: Վերջին տարիներին փորձ է արվում վերականգնել Բարեկենդանը՝ հայկական ժողովրդական ամենասիրելի տոներից մեկը, որից ժողովուրդը զրկվել էր խորհրդային տարիներին: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7):
Գյումրիում տոնը մեկնարկեց պատանի դհոլահարների երթով: Երգ ու պար, խաղեր անցկացվեցին «Վարդանանց» հրապարակում՝ տոնական տրամադրություն սփռելով։ Թեմատիկ տիկնիկներն ու դիմակները խոսում էին տոնի մասին: Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն:
«Ազգային արժեքներին նվիրված միջոցառումներ «Ազգային արժեք» ակումբը պարբերաբար է կազմակերպել, բայց նման ծավալի՝ Բուն Բարեկենդանին նվիրված, առաջին անգամ է անցկացվում: Ինչպես մեր կողմից անցկացվող մյուս միջոցառումները, այս միջոցառումը ևս նպատակ ունի ազգային արժեքների պահպանման ու տոների մասսայականացման»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազգային արժեք» ակումբի անդամ Վարդան Սրտաշյանը։