1505 դիտում
15:47 26-02-2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին:
«[url=https://https://armenpress.am/arm/news/1006346.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:
Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,-ասաց Գաբրիելյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում նշված էր, որ ֆիզիկական անձը առաջարկվող հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Գաբրիելյանը նկատեց՝ անհասկանալի էր ձևակերպումը, թե ինչ է նշանակում մեկ անգամը: Ձևակերպումն արվել է հետևյալ կերպ՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել դրանից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Գաբրիելյանը նշեց՝ կար որոշակիության խնդիր, և իրենք ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
Առաջարկություններ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկ է եղել, որ արտոնությունը տարածեն նաև բակալավրիատի ուսանողների վրա, սակայն հեղինակների համար առաջարկն այս պահին ընդունելի չի եղել՝ թեև նախագծի սկզբնական մշակման փուլում հենց այդպես էին նախատեսել: «Մենք կարծում ենք, որ սկզբնական փուլում ավելի լավ է սկսել քայլ առ քայլ: Տեսնենք, թե օրենքն այս շրջանակի համար ինչպես է գործում, հետագայում, եթե հաջող ընթացք լինի, կարելի է քննարկել նաև բակալավրիատի ուսանողների համար այն ևս հասանելի դարձնելու տարբերակը՝ միայն ավարտական վերջին կուրսում»,-ասաց Գաբրիելյանը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու առաջարկ է ներկայացրել նախագծի համար: «Մենք համաձայն չլինելով կամ վիճարկելով նպատակադրումը կամ դրան հասնելու գործնական հնարավորությունները, այդուհանդերձ, օրենքը, հավանաբար, կընդունվի, և դա պետք է կիրառել: Եվ կիրառության առումով 2 խնդիր տեսել ենք, որոնց վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ»,-ասաց նա ու նկատեց՝ իրենց առաջարկներով հեղինակներն արդեն հստակեցումներ արել են:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:
Նմանատիպ նյութեր
2345 դիտում
12:57 24-01-2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
3194 դիտում
09:33 25-01-2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. «Փաստ»
3312 դիտում
18:45 28-08-2019
Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծն ավարտական փուլում է.
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»