211652_close_icon
views-count1978 դիտում article-date 14:47 02-03-2020

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորմամբ կվերացվի նաև խտրականությունը. ԱՆ աշխատակից

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը վստահեցնում է՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում ՄԻԱՎ վարակակիրները միայն կշահեն, ծառայությունները կդառնան ապակենտրոնացված: «[url=https://armenpress.am/arm/news/1006927.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման թեմայով քննարկմանը: «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում, և այդ թվում ՄԻԱՎ-ով վարակակիրների ստացիոնար բուժումն իրականացվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Գրասենյակը (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը) իրականացում է ծրագրի վարումը, ունի լաբորատոր հզորություններ, այնտեղ են դեղագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, որոնք ավելի շատ վարում են հիվանդության ընթացքը՝ մինչև նրանց ստացիոնար բուժման կարիք ունենալը: Հասունացել է այն պահը, երբ մենք փորձում ենք կառավարումը դարձնել կենտրոնացված, բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված: ՄԻԱՎ վարակակիր անձինք այս միավորումից միայն կշահեն, նրանք այսպես թե այնպես բուժում ստանում են տարբեր ստացիոնարներում, և այս խարանն ու խտրականությունը վերացնելու համար այս կղզիացած ծառայությունները պետք է ապակենտրոնացնել»,-ասաց Քոչարյանն ու նշեց՝արդեն կա նմանատիպ փորձ՝ տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակը միացել է ստացիոնարին, արդյունքում տեղի է ունեցել ծառայությունների բարելավում, և հիվանդները միայն շահել են: Նա նշեց՝ ՄԻԱՎ վարակակիրները ընդամենը վարակիչ հիվանդներ են: «Եկեք նրանց չառանձնացնենք, մենք որևէ վարակիչ հիվանդության համար չունենք առանձնացված ծառայություններ: Եվ այս կղզիացումը վաղ թե ուշ պետք է վերանար»,-ասաց Քոչարյանը: Նա նկատեց՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը նաև ունի շատ լավ լաբորատոր հզորություններ, որոնք այս պահին ծառայում են միայն ՄԻԱՎ վարակակիրներին: «Ինչու դրանցից չօգտվեն հեպատիտի Ց ունեցող անձինք: Ինչու ենք այդ հզորությունները փակել, կղզիացրել ու ոչ մի կերպ չենք ուզում միավորել ալ ծառայությունների հետ կամ ընդլայնել»,-ասաց նա: Քոչարյանը շեշտեց՝ բոլոր ՄԻԱՎ վարակակիրները ստացիոնար բուժումների համար գնում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, և այնպես չէ, որ Նորք ինֆեկցիոնի հետ ընդհանրապես չեն շփվում: Նա վստահեցրեց՝ կենտրոնում կատարվում են ավելի շատ ծրագրային, գրասենյակային աշխատանքներ՝ վերլուծություններ, գիտահետազոտական, լաբորատոր աշխատանքներ: «Կենտրոնը ստացիոնարին միավորելու արդյունքում, չեմ կարծում, թե որևէ բան կտուժելի: Շենքը մնալու է նույն տեղում, անձնակազմը, ծառայությունները մնալու են նույն տեղում, ընդամենը ղեկավարությունը, կառավարումը, հաշվապահությունը միավորվելու են: Լինելու է մեկ տնօրեն՝ մի քանի փոխտնօրեններով»,-ասաց նա: Առաջին քայլով ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ը դառնալու է ՓԲԸ-ը, հետո երկու ՓԲԸ-ները միավորվելու են:

Նմանատիպ նյութեր