211652_close_icon
views-count5720 դիտում article-date 14:50 28-02-2020

«ՁԻԱՀ կենտրոնի» 75 աշխատակից ազատման կոլեկտիվ դիմում է ստորագրել՝ նշելով՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու մասին կոլեկտիվ հայտարարություն են հրապարակել իրենց ֆեյբուքյան էջում։ Հայտարարությունում ասվում է. «Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները, նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշմանը, և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը՝ մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»։ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոլեկտիվ դիմումը ստորագրել են արդեն 75 աշխատակիցներ։ «Կոլեկտիվում 107 աշխատակից կա, ինձ ասացին, որ այստեղ հասնելու պահին դեռ 75-ն է ստորագրել։ Աշխատակիցները համամիտ չեն «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու դեպքում կրելու այն ռիսկերը, որոնց մասին մենք մի տարուց ավելի է բարձրաձայնում ենք, բայց որևէ մեկը չի հասկանում։ Համամիտ չենք, որ պետք է ենթարկվենք ճնշումների, ինչն անթույլատրելի է մեզ համար։ Բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»,- ասաց Պապոյանը։ Նրա խոսքով՝ այս քայլով ոչ թե ինչ-որ վնաս են հասցնում ոլորտին, այլ փորձում են կանխել բոլոր այն վնասները, որոնք մարդիկ կրելու են ապագայում։ «Նախարարությունը ոչ թե միայն զիջումների չի գնում, այլ ամեն ինչ անում է, որ օր առաջ այդ միացումը կայացնի։ Ասում են՝ միացնենք, վերջացնենք, հետո կգանք քննարկման, ձե՞ռ են առնում, հետո իրենք են խնդիրների համար պատասխանատվություն կրելու»։ Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ներկայացրեց, որ Առողջապահության նախարարության նման որոշումների համար «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցները մասնագիտական քննարկում են առաջարկում, քանի որ գիտակցում են` Արսեն Թորոսյանի որդեգրած քաղաքականությունն իրատեսական չէ: «Առողջապահության նախարարության աշխատաոճը կայանում է միանձնյա որոշումներ կայացնելու և իր որոշումը բժիշկներին պարտադրելու մեջ։ Առողջապահության նախարարությունը չի համաձայնում քննարկում իրականացնել, քննարկում է իրականացնում նեղ խմբերի հետ՝ անտեսելով մասնագետներին։ Բժիշկների խոսքը ո՞րքան պետք է արհամարհեն, որպեսզի նրանք Կառավարության դիմաց ցույցի գնան։ Երբևէ լսե՞լ եք, որ բժիշկները աշխատանքից դուրս գալու կոլեկտիվ դիմում ներկայացնեն»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ կենտրոնի աշխատակիցների միահամուռ պայքարով հիանում է։ Առողջապահության նախարարության վերջին շրջանի գործունեությունը Գրիգորյանը որակեց որպես ճնշումներ, և հավելեց, որ ճնշումների են ենթարկվում գրեթե բոլոր հիվանդանոցները։ Նա նշեց, որ առողջապահական ոլորտում միշտ խնդիրներ եղել են, սակայն այսքան ակնհայտ չեն եղել, քանի որ Առողջապահության նախարարությունը բժիշկների հետ գործընկերային հարաբերություն է ունեցել, սակայն հիմա այդ գործելաոճը վերացել է։ Արշակ Պապոյանը դիտարկեց, որ միացումը վատ է անդրադառնալու ոչ միայն «ՁԻԱՀ կենտրոնի» վրա, այլ նաև լրացուցիչ լուրջ բեռ է լինելու «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի համար։ Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութերում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր