211652_close_icon
views-count2811 դիտում article-date 18:13 02-03-2020

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկես հյուրընկալվել էին «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ 11 սաները

Հայաստանում առաջին անգամ «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը փետրվարի 29-ին և մարտի 1-ին իր հյուրընկալ դռներն էր բացել հայ հանդիսատեսի առաջ` ներկայացնելով անզուգական, գեղեցիկ և բազմաոճ կրկեսային ծրագրային համարներ: Կրկեսային համարներից բացի փոքրիկ հանդիսատեսին ծաղրածուն ուրախացրեց իր հումորային արկածներով և նվերներով: Շոու ծրագրի երկրորդ օրվա ներկայացմանը միացել էր «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության 11 սաները: «Տեղեկանալով, որ Երեւանում հյուրախաղերով հանդես է գալու «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը , մեր հաստատությունը դիմեց կրկեսի ադմինիստրացիային անվճար տոմսեր մեր սաներին տրամադրելու խնդրանքով: Սիրով մեզ ընդառաջեցին և այսօր մեր սաները հնարավորություն ունեցան վայելելու այս հիանալի շոու ծրագիրը»,- ասաց «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը: Ըստ Թ. Սիմոնյանի, երեխաները ներկայացումից, ծաղրածուի արկածներից մեծ հաճույք ու բավականություն ստացան: Նրանք այնքան ոգևորված էին, որ մեկը մյուսին հերթ չտալով կիսվում էին իրենց տպավորություններով:Նրանց անգամ ետ չպահեց այն փաստը, որ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:Նա ցավով փաստեց, որ սաները` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ցավոք առաջին անգամ էին այցելում կրկես: Կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանի խոսքերով.«Սա մոսկովյան կրկես է, և մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից, ԱՊՀ այլ երկրներից: Կրկեսի կազմակերպիչները խոստանում են հաճախ ապահովել անհրաժեշտ տոմսերով ծերանոցի տարեցներին, մանկատների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին: Կրկեսային շոու ծրագրից հետո հանդիսատեսի անդադար ծափահարությունները հաստատեց այն փաստը, որ շոուն ստացված է, և ոչ միայն փոքրիկները, այլև` մեծահասակները մեծ տպավորություններով ու լիցքաթափված հեռացան դահլիճից՝ խոստանալով , որ առաջիկայում արդեն իրենց ընկերների հետ կայցելեն ու կկիսվեն միմյանց հետ իրենց անմոռանալի տպավորություններով: Նշենք, որ կրկեսի դահլիճն ապահովված է անհրաժեշտ ջեռուցմամբ, նստարանները փայտից են, ինչն էլ ապահովում է հանդիսատեսի ջերմությունն ու հարմարավետությունը: Տեղեկացնենք, որ մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսի ներկայացումները տեղի կունենան յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր