1587 դիտում
19:14 05-03-2020
Հայտարարություն՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացվող դիտորդական առաքելության մասին
2020 թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարևոր կետ է դառնալու 2018 թ․ ապրիլ-մայիսի ժողովրդական շարժման արդյունքում ժողովրդավարական անդառնալի փոփոխությունների համար։ Ինչպես 2018 թ.-ի Երևանի ավագանու և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, այս հանրաքվեի իրավական շրջանակը, քարոզչությունը, ֆինանսավորումը և ֆինանսավորման աղբյուրների հնարավոր ազդեցությունը, ինչպես և բուն քվեարկությունը ու արդյունքների ամփոփումը կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության և հայաստանյան հասարակության ժողովրդավարական զարգացման վեկտորը։
Առանց ազատ, թափանցիկ և արդար ընտրական գործընթացների՝ հնարավոր չէ կայուն ժողովրդավարության կայացումը Հայաստանում, իսկ ընտրական գործընթացներում ընտրողների կամքի ազատ արտահայտման ապահովման գլխավոր գրավականներից է քաղաքացիական արդյունավետ վերահսկողությունը։
«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու է հետևյալ կազմով.
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն,
«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն,
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն,
Հասարակագիտական հետազոտությունների առաջատար խումբ,
«Ձեղնահարկ» վերլուծական-հետազոտական կենտրոն,
«Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն
Այս կազմակերպություններից դուրս «Անկախ դիտորդ» դաշինքը բաց է համագործակցության համար այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական խմբերի և անհատների հետ, որոնք առաջնահերթ կարևորում են ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը և չեն հանդուրժում ընտրական գործընթացները վտանգող որևէ անհարկի միջամտություն կամ չարաշահում։
Դաշինքի համակարգող թիմը իր խորին երախտագիտությունն է հայտնում առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնած բոլոր կամավորներին։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Դաշինքին հաջողվել է առաքելությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում հայթհայթել։ Դիտորդների աշխատանքը և անհրաժեշտ ծախսերը փոխհատուցվելու են, իսկ քարոզարշավի կանոնավոր երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2020 թ. մարտի 2-ից։
Դիտորդների գրանցման ձևը
Դեռևս մինչև Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր՝ հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին «ծանոթ» անձինք։ Այնուհետև տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրև հանձնաժողովներն արդեն համալրված են, և ընդգրկվելու հնարավորություն չկա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում, սակայն, տեսնում ենք թափուր 42 տեղերի մասին նշում և առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում՝ որոշ դեպքերում միևնույն անձը նշանակվել է և «ՈՉ»-ի և «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի և տարածքայի ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միևնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։
Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում պետք է լինի միասնական և անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։
Հաշվի առնելով ստացված ահազանգերը՝ «Անկախ դիտորդն» առանձին կանդրադառնա նախորդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցություններից Սահմանդրական հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին, քանի որ ընտրական գործընթացների լեգիտիմության կարևոր խնդիր է նաև հանրության համար վստահելի հանձնաժողովների ձևավորումը և գործունեությունը, որն արդեն իսկ կասկածի տակ է դրված ։
2020 թ․ ապրիլի 5-ին առաջին անգամ կիրառվող «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և տարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: Հանձնաժողովի անդամների թափուր տեղերը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով համալրում են տարածքային ընտրական հանձնաժողովները։
Թեև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքն այս հարցը որևէ կերպ չի կարգավորում, այնուամենայնիվ, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամների ընդգրկումն իրականացվեց Հանրաքվեի որևէ կողմ կամ դրանց աջակից կուսակցությունների կողմից, որն ըստ էության ընկալվեց որպես այդ կողմի պաշտոնական սատարում։
Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված շուրջ 14000 անդամներից 8470-ը ԱԺ նախկին խմբակցությունների կողմից ընդգրկված էին 2018 թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների հանձնաժողովների կազմում։ Նախկինում տեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված անդամների նշանակումը «ԱՅՈ»-ի, «ՈՉ»-ի կամ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրության մոտ ընկալվում է որպես ընտրակեղծարարության համար բարենպաստ պայմանների նախապատրաստում։
Նախկինում գրանցված համատարած ընտրախախտումները, որոնք հիմնականում տեղի էին ունենում հանձնաժողովների անդամների թողտվությամբ, և այդ ընտրախախտումների պատշաճ քննության բացակայությունը փաստացի ստեղծել են մի իրավիճակ, երբ իրավական առումով հանձնաժողովների նախկին անդամների նշանակումը իրավաչափ է, բացառությամբ եթե այդ անձինք մեղավոր են ճանաչվել ընտրական հանցագործություններում, զրկվել են ընտրական իրավունքից և ի պաշտոնե զրկված են հանձնաժողովում ընդգրկվելու իրավունքից։ Այնուամենայնիվ հանրային ընկալման մակարդակում այս նշանակումները և նշանակման ոչ թափանցիկ գործընթացը նվազեցնում են ընտրական վարչարարության նկատմամբ հանրային վստահությունը։ Այս իրավիճակում կրկնակի կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրաքվեի գործընթացի առավել պատշաճ կազմակերպումը և մտահոգություն առաջացնող նշանակումների վերաբերյալ պարզաբանումների հրապարակումը։
Ընտրական բարեփոխումների տրամաբանությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը պետք է ներառեն ընտրական վարչարարության այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք կապահովեն ընտրական հանձնաժողովների մասնագիտական և անկախ գործունեությունը՝ ապահովելով ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների իրապես անկողմնակալ գործունեությունը։
*****
Ի դեպ՝
Հանրաքվեի կազմակերպման գործընթացը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով։
ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ թեև ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորվում են Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների կողմից, սակայն հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը (ԸՕ հոդված 38) և հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին: (ԸՕ հոդված 39):
Ընտրական օրենսգրքի հոդված 41-ը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովներում չեն կարող ընդգրկվել ընտրական գործընթացներին վերաբերող հանցագործությունների, դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև մի շարք պաշտոններում կամ ծառայության մեջ գտնվող անձինք։ Հարկ է նշել, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց հրապարակվող տվյալներից հնարավոր չէ պարզել, թե արդյոք պահպանվում են այս հոդվածով նշված սահմանափակումները։
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
10:28 12-11-2019
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները
1856 դիտում
13:54 20-06-2021
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտարկման արդյունքները 12։00 դրությամբ
Այս բաժնից
1021 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր