211652_close_icon
views-count3145 դիտում article-date 18:56 06-03-2020

Նախագահական անակնկալ ծննդյան օրվա առթիվ. նախագահ Սարգսյանը շնորհավորել է ապարանցի դպրոցական Ռոմիկ Արշակյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին: Այսօր Ռոմիկը դարձավ 11 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ ստացած նվերներից բացի, նրա համար շատ հիշարժան կլինի նաև հեռախոսազրույցը Հանրապետության նախագահի հետ: Անշուշտ, նախագահի կողմից չէր կարող ծննդյան օրվա անակնկալ չլինել: Եվ ահա այսօր ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահից ստացած նվերը՝ հեռախոսը, կրկնապատկել է Ռոմիկի ուրախությունը. այժմ ավելի հաճախ կարող է զանգահարել իր ընկերներին ու բարեկամներին, որոնց թվում, վստահաբար, նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է: Ստանալով նախագահի ուղարկած նվերը՝ Ռոմիկը զանգահարել է Հանրապետության նախագահին և տեսազանգով զրուցել նրա հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով նվերի և վերաբերմունքի համար: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է իր փոքրիկ բարեկամին ու բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ, հետաքրքրվել Ռոմիկի առողջությամբ, զրուցել նրա առօրյայի մասին: Ռոմիկն ասել է, որ ինքն էլ իր հերթին է նախագահի համար նվեր ուղարկում՝ Ախթամարի հայկական եկեղեցու նկարը և փոքրիկ հուշանվեր փղի տեսքով: Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնելով՝ կրկին հետաքրքրվել է, թե ինչ է ուզում դառնալ Ռոմիկը: Հիշեցնենք, որ նախագահի հետ հանդիպմանը երեխան ասել էր, որ ուզում է փրկարար և նախագահ դառնալ: Այսօր նույնպես Ռոմիկը հաստատել է. «Փրկարարի պաշտոնից բարձրանամ, դառնամ նախագահ»: «Ուրեմն, փրկարար, հետո պաշտոնով բարձրանաս, մի օր դառնաս նախարար, հետո նախագահ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Անկեղծ ու անմիջական զրույցը նախագահի և փոքրիկ Ռոմիկի միջև ամրացրել է շուրջ մեկ ամիս առաջ ստեղծված նրանց բարեկամությունը: «Դու պինդ տղա ես, ուժեղ տղա ես և պետք է հաղթահարես հիվանդությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը և առողջություն, հաջողություն մաղթել փոքրիկին ու Արշակյանների ընտանիքին: -Մի քիչ օրերը տաքանան, կհանդիպենք: Գուցե, ես Ապարան գամ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր