211652_close_icon
views-count2796 դիտում article-date 19:53 06-03-2020

Ամենաէմոցիոնալ զգացումը վախն է, որին սկսել են պարբերաբար դիմել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

[b]էմոցիաները և քաղաքականությունը կամ էմոցիաների մենեջմենթը.[/b] «Թույլ քաղաքական ինստիտուտներ ունեցող հասարակությունները դժվար են հաղթահարում անձերի ու մարդկանց խմբերի ցանկությունների հետևանքները». [b]Սեմուել Հանթինգտոն[/b] 1991-ից սկսած Հայաստանի ընդդիմության գլխավոր զենքը զանգվածների վրա հոգեբանական ազդեցություն թողնելն էր: Ով ամենահուժկու և ամենահամարձակ եղանակով էր մեղադրում իշխանությանը, նա դառնում էր մարդկանց մտքերի ու սրտերի տիրակալը: Իսկ իշխանություններն, անկախ իրենց որակներից, հիմնականում ստիպված էին պաշտպանվել ընդդիմության ճիշտ կամ սուտ հոգեբանական գրոհներից կամ էլ արհամարհել դրանք ու ընտրությունների ժամանակ հայտնի եղանակներով «հաղթել» նրանց: Մինչ 2018-ը դա հայկական քաղաքական պայքարի հիմնական սխեման էր` ընդդիմությունը փորձում էր խաղալ հանրության էմոցիաների վրա, իսկ կառավարող ուժը դա արհամարհում էր ու ընտրությունների ժամանակ կատարում իր «սև» գործը: «Ժողովուրդը չունի քաղաքական գիտելիքներ, այլ ունի մշուշոտ քաղաքական զգացմունքներ». [b]Ալֆոնս դը Մարտին[/b] 2018-ից հետո կարծես թե պետք է դերերը փոխվեին՝ ընդդիմությունը դառնար հանրության էմոցիաների տիրակալը, սակայն ի հեճուկս հայկական քաղաքական ավանդույթների՝ դա տեղի չունեցավ, կառավարող ուժը՝ նախկին ընդդիմությունը, շարունակում է իր հին գործելակերպը՝ խաղում է մարդկանց էմոցիաների հետ ու բողոքում իրեն խանգարողներից՝ նախկիններից։ Դա աննախադեպ գործելակերպ է, ինչը շփոթության է հանգեցրել ողջ քաղաքական համակարգը։ Առհասարակ, մարդկանց կամ տվյալ դեպքում ընտրողների էմոցիաների վրա խաղալը դեմոկրատիայի ուղեկցող երևույթ է։ Երկրորդ աշխարհամարտից հետո Միացյալ Նահանգներում շրջանառության մեջ է մտնում «քաղաքական հոգեբանություն» տերմինը, որն արագ թափով դառնում է գիտության առանձին ճյուղ։ Նահանգներում պարբերաբար ընտրություններ են տեղի ունենում, և դրան արդեն գիտականորեն մոտենալը հարաճուն խնդիր էր առաջացրել։ 1968-ին Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիան (American Association of Political Science) հիմնում է Քաղաքական հոգեբանության հետազոտական կոմիտեն (Research Committee in Political Psychology), որն ունի հազարից ավելի անդամ։ Զանգվածների կառավարումն արդեն գիտության ճյուղ է դառնում։ Քաղաքական պայքարն արդեն ընթանում է ընտրողների հոգիների ու զգացմունքների մենեջմենթի համար, որտեղ բանականությունն արդեն երկրորդական պլան է մղվում։ Այս գիտակցությունը նոր է տեղ հասել Հայաստան, որը տակնուվրա է անում Հայաստանի քաղաքականացված հանրության մտածողության ավանդական սխեմաները։ «Մենք ապրում ենք շրջահայացության դարաշրջանում, հիմա առաջնորդներն են հետևում ժողովրդին»։ [b]Բենջամին Դիզրաելի, Բրիտանիայի վարչապետ, 19-րդ դար[/b] Ֆրանսիացի հռչակավոր հոգեբան ու սոցիոլոգ Սերժ Մոսկովիչին կարծում էր, որ «Կոլեկտիվին ներշնչելն ու նրա վրա ներազդեցություն ունենալն անհատական պլանում նույն բանն է, ինչ որ նեվրոզը։ Երկուսի դեպքում էլ ենթադրվում է հեռանալ տրամաբանական մտածողությունից և առավելություն տալ հակատրամաբանությանը»։ Ամենաէմոցիոնալ զգացումը վախն է, որին սկսել են պարբերաբար դիմել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ «Ներքին թշնամիներ», «ժողովրդի թշնամիներ», «դավաճաններ», «դավադրություններ» և նման բառերը գնալով ավելի հաճախակի են հնչում նրանց շուրթերից։ Պարզ է, որ թշնամիներին դիմակայում են «ժողովրդի նվիրյալները»։ Իշխանության «սև» լինելու մասին ավանդական պատկերացումը սկսել է երերալ։ Հիմա կարելի է և՛ «սպիտակ» լինել, և՛ միաժամանակ իշխանություն ունենալ։ Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն են։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթների համար, սակայն Հայաստանի համար՝ բավականին արդյունավետ։ «Ցանկացած ժամանակաշրջանում մարդկության ամենաչարամիտ ներկայացուցիչներին կարելի է գտնել ժողովրդի առաջնորդների շրջանում»։ [b]Թոմաս Մաքոլեյ, անգլիացի պատմաբան, պետական գործիչ [/b] Հետազոտող Ն․Ռախմանովը համարում է, որ «Մեծ հաջողությունների են հասնում այն մարդիկ, որոնք հաճախակի են օգտագործում բռնության լեզուն՝ հասկանալով, որ հետսովետական հասարակություններում հաստատվել է ուժի պաշտամունքը։ Դրա համար պետք չէ զարմանալ, որ այս կամ այն քաղաքական և հանրային դեմքերը գրում և արտահայտվում են պարզունակ լեզվով։ Որովհետև բռնության լեզուն բավականին արխայիկ է և սևի ու սպիտակի երանգներն ունի։ Նման ազդեցության գործիքը նպատակ չունի մարդկանց խրախուսել մտածել ու կասկածել, այլ խնդիրների լուծման շատ պարզ լուծումներ է տալիս»։ Սա այն է, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում։ Իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են պարզ սլենգային լեզու, պարբերաբար բռնության ցուցադրական ակտեր են կազմակերպում ու փորձում են կառավարել հանրության վախերն ու հույզերը։ Էմոցիաների վրա հիմնված կառավարման համակարգ է Հայաստանում ձևավորվել, սակայն արևմտյան հանրություններում այդ տեխնոլոգիաներին զուգահեռ պետք է նաև կոնկրետ արդյունք ցույց տալ, մեզ մոտ էմոցիաների պաշարը դեռևս բավականացնում է անգամ հանրաքվե կազմակերպել՝ առանց որևէ տրամաբանական հիմնավորման։ [b]Ստեփան Դանիելյան[/b]

Նմանատիպ նյութեր