211652_close_icon
views-count3702 դիտում article-date 14:49 11-03-2020

Անկանխիկ գործարքները՝ լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, և անցնել անկանխիկ վճարումների: Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից: Միանալով ԱՀԿ սույն հորդորին, Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ: 2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%: Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին 2019թ-ին փոփոխվել է անկանխիկի և կանխիկի համամասնությունը. քանակական առումով կանխիկ և անկանխիկ գործարքների քանակը գրեթե հավասարվել է: Բոլոր գործարքների 52%-ն իրականացվել է կանխիկ, իսկ 48%-ն՝ անկանխիկ: Մասնավորապես՝ 2019թ-ին կանխիկ գործարքների քանակը կազմել է շուրջ 34 մլն, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 մլն՝ աճելով 72,9%-ով: Պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին կազմել է 602 մլրդ դրամ, աճը՝ 52%: Այս դինամիկան թերևս վկայում է այն մասին, որ բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ու վստահությունն այս վճարման միջոցների հանդեպ: Անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ամրապնդման մասին է վկայում նաև POS-տերմինալներով և ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակական և ծավալային աճը: POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալն ավելացել է 17.1%-ով, ինտերնետ միջավայրում աճը կազմել է 53%: Նախորդ տարի POS-տերմինալներով կատարված գործարքների քանակն աճել են 60.6%-ով, իսկ ինտերնետ միջավայրում՝ 74.5%-ով: Անկանխիկ գործարքների ծավալի աճն, ի թիվս այլ միջոցառումների, պայմանավորված է նաև առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների քանակի աճով: 2019թ-ին դրանց թիվը 8796–ից հասել է 10503-ի։ Հարկ է նաև նշել, որ ընթացիկ տարում ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր: Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր