1609 դիտում
10:48 12-03-2020
20 օր՝ «նախընտրական» ռեժիմով․ իշխանության թիմն ակնհայտ առավելություններ ունի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի «այո-ոչ»-ի քարոզչությունը թևակոխել է ակտիվ փուլ: «Այո»-ինը՝ ավելի ակտիվ, քան «ոչ»-ինը: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներով արդեն երկրորդ օրն է` շրջում է Հայաստանի բնակավայրերով և բացատրում է քաղաքացիներին, թե որքան է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը խանգարում մեր երկրի առաջընթացին:
Երեք շաբաթ ծախսել ՍԴ 7 անդամներին պաշտոնանկ անելու հարցը լուծող հանրաքվեի քարոզչության վրա․․․ չգիտեմ, ինձ թվում է՝ վարչապետը, կառավարության անդամները, պատգամավորներն ավելի կարևոր գործեր պիտի ունենան: Ես լինեի ՍԴ «խնդրահարույց» անդամների տեղը, ինձ վատ կզգայի, որ իմ համառության (կամ թեկուզ՝ սկզբունքայնության) պատճառով այդքան մարդ է գործից կտրվել և այդքան միջոցներ ու ուժեր են ծախսվում այդ երկրորդական հարցի վրա: Ես հիմա՛ հրաժարական կտայի, երբ այլևս ոչ ոք չի կասկածի, որ դա արվում է վաղաժամկետ թոշակ ստանալու համար: Քանի որ ՍԴ անդամները դա չեն անում, կարծես ինչ-որ չափով հաստատում են այն կասկածները, որ նրանք առնվազն ենթակա են որոշակի քաղաքական ազդեցությունների:
Բոլոր դեպքերում մոտակա 20 օրերին հանրապետությունն ապրելու է «նախընտրական» ռեժիմով՝ քարոզչության և հակաքարոզչության սուր դրսևորումներով: Իշխանության թիմն այստեղ ակնհայտ առավելություններ ունի, և ոչ միայն վարչական ռեսուրսի շնորհիվ: Կան նաև այլ գործոններ և, մասնավորապես, այն հանգամանքը, որ վարչապետը հրաշալիորեն տիրապետում է հռետորական արվեստին, ու նրա մոտ շատ լավ է ստացվում քաղաքացիներին ներկայանալ ընդդիմադիրի դերում: Հենց այդ դերում էլ նա հիմա հանդես է գալիս՝ որպես նախկին իշխանության ընդդիմություն, քանի որ հանրաքվեն լավ առիթ է «նախկինների» մասին խոսակցությունը շարունակելու: Ասում եմ առանց որևէ հեգնանքի՝ ես մասնագիտական հաճույք եմ ստանում, երբ Փաշինյանը «չոտկում» և «նախշում» է մարդկանց, որոնք իշխանությունից հեռացել են գրեթե երկու տարի առաջ: Մանավանդ ակնհայտ է, որ նրա խոսքը դրական ռեզոնանսի մեջ է մտնում քաղաքացիների մեծամասնության զգացմունքների հետ (իսկ «նախկինները» լիուլի առիթներ են տվել նման զգացմունքների համար):
Երբ վարչապետը խոսում է այլ թեմաներից, օրինակ` ապագա ծրագրերի մասին (5 միլիոն բնակիչ, 10 միլիոն ծառ և այլն), դա զուտ հռետորական արվեստի տեսանկյունից պակաս տպավորիչ է, որովհետև այստեղ խոսքը հնարավոր չէ համեմել մեղադրանքի, խարազանման «աղուբիբարով»: Ապրիլի 5-ին հանրաքվեում քաղաքացիների մեծամասնությունը միանշանակ կասի «այո»՝ հաշվի առնելով վերը նկարագրված զգացմունքները: Իշխանությունը հանրաքվեից հետո կասի, որ ժողովուրդը վերջնականապես ազատվել է նախկին իշխանությունների դեռևս չջախջախված մնացուկներից:
Բայց այդ «վերջնականապեսն» էլ է հարաբերական: Որովհետև մի քանի ամսից կլինի սահմանադրական նոր հանրաքվե: Եվ կպարզվի, որ որոշ չջախջախված դավադիրներ դեռ մնացել են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
23:48 21-05-2021
Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության հետևանք է. «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք
61379 դիտում
22:52 22-12-2017
Հայաստանում զորակոչիկները կարող են ընտրել մարտական դիրքերում ծառայությունը և որոշակի առավելություններ ստանալ
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր