Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը 1 օրում կընդունվի
Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի՝ բառացիորեն մեկ օրվա ընթացքում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես նշեց փոխվարչապետը, դպրոցներում արձակուրդների երկարացման մասին որոշման համար հիմքեր են պետք, օրինակ՝ երկրում վիրուսի տարածման մասին վկայություններ: Սակայն Հայաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերը լոկալացվել են, և այդ պատճառով, փոխվարչապետի կարծիքով, այս պահին դասերը չեղարկելու անհրաժեշտություն չկա:
Ավինյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ վարակման դեպքերը քիչ են:
Իր հերթին, նախարարը նշեց, որ այսօր աշակերտների մոտ 90%-ը հաճախում է դպրոց: Ընդ որում, Երևանում հաճախելիությունն ավելի բարձր է, քան մարզերում:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում, եթե լինեն ցուցումներ համապատասխան գերատեսչություններից, դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշում կարող է կայացվել խորհրդակցությունից հետո: