5041 դիտում
10:47 13-03-2020
Մարդիկ զարմանալիորեն չեն ուզում առօրյա կյանքում դրսևորել ռացիոնալ, պատասխանատու վարքագիծ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Ի՞նչ է անում ժամանակակից աշխարհում «միջին վիճակագրական» անհատը, երբ արթնանում է առավոտյան: Մարզա՞նք: Աղո՞թք: Ինքնազարգացո՞ւմ: Անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմա՞նը: Ո՛չ, նա աչքերը բացելուն պես (հաճախ անգամ անկողնուց դուրս չգալով)՝ վերցնում է հեռախոսը և սկսում է ստուգել նորությունները:
Ի՞նչն է համարվում նորություն: Այստեղ պատասխանները կարող են տարբեր լինել: Երիտասարդ աղջկա համար նորությունը գուցե այն է, թե քանի հոգի է «լայք» դրել Ինստագրամում նախորդ օրը բեռնած տասնյակ նկարներին, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է նա ընկերուհիների հետ սրճարան գնացել և ինչ է այնտեղ կերել-խմել: Քաղաքականության հողի վրա շեղվածի համար նորությունը թերևս այն է, թե իր համակրած և չհամակրած գործիչների մասին ինչ նոր բամբասանքներ կան և ինչ վիրավորական խոսքեր են նրանք ասել միմյանց հասցեին:
Բայց մարդկանց գլխավոր ձգտումը առավոտյան և ամբողջ օրվա ընթացքում տագնապալի լուրեր իմանալն է՝ վթարներ, աղետներ, ահաբեկչություն, պատերազմ: Եվ իհարկե՝ հիվանդություններ: Կորոնավիրուսն այդ առումով «ճիշտ ժամանակին» է հայտնվել: Դա հենց այն է, ինչ հետաքրքրում է մարդկանց գերակշիռ մեծամասնությանը: Եվ որքան սարսափելի լինեն լուրերը՝ այնքան լավ են դրանք սպառվում:
Ես չեմ զարմանա, եթե շատերը «դատարկություն» զգան, երբ մի քանի շաբաթից կամ մի քանի ամսից կորոնավիրուսը նահանջի: (Չնայած գիտության զարգացման ներկա փուլում բացառված է, որ տարեց կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց որևէ մասը չշարունակի մահանալ թոքաբորբից կամ տարատեսակ գրիպների այլ բարդություններից):
Մարդիկ ուզում են կորոնավիրուսի մասին տագնապալի լուրեր իմանալ, որպեսզի հագուրդ տան իրենց ենթագիտակցական իռացիոնալ վախերին և խուճապին:
Բայց մյուս կողմից՝ մարդիկ զարմանալիորեն չեն ուզում առօրյա կյանքում դրսևորել ռացիոնալ, պատասխանատու վարքագիծ, որպեսզի կանխեն այդ վարակի տարածումը: Ժամերով «չանա ծեծել» սոցցանցերում կորոնավիրուսի մասին՝ խնդրեմ: Բայց սնվելուց առաջ լվանալ ձեռքերը՝ դա երևի դժվար է, մեծ ճիգեր է պահանջում:
Էլ չեմ խոսում ավելի «բարդ», դժվար իրագործելի սահմանափակումների մասին: Այս օրերին, եթե որևէ մեկը ժամանել է Իտալիայից կամ որևէ այլ «վտանգավոր» երկրից, թերևս, պետք է չափազանց զգուշավոր լինի իր հարազատների, մտերիմների և գործընկերների հետ շփումների առումով: Եվ ոչ թե հույսը դնի միայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումների վրա, որոնք, ինչպես ցույց տվեց իրավիճակը, բավարար չէին:
Չինաստանը չափազանց կոշտ ուժային միջոցներ է կիրառել վիրուսի տարածումը կանխելու համար: Ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում այդ երկրում չափազանց խիստ պատիժ է սպասվում: Ժողովրդավարական պետություններում նման միջոցները գուցե անհնարին են: Շատ բան թողնված է մարդկանց խղճին և գիտակցությանը: Որոշ երկրներում այդ գիտակցությունը նույնքան բարձր է, որքան առողջապահության մակարդակը և պետության կազմակերպվածությունը: Դանիայում, օրինակ, կորոնավիրուսով վարակվել է մոտ 500 հոգի, բայց մահացության ոչ մի դեպք չկա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը