211652_close_icon
views-count7053 դիտում article-date 13:46 31-03-2020

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Բալասանյանը հայտնեց քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում։ «Ընտանիքով ենք եկել քվեարկության։ Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,– ասաց Բալասանյանը։ Նախագահի թեկնածուն նշեց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում իրենք չեն արձանագրել։ Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. «Ազգային վերածնունդ» կուսակցություն «Միասնական հայրենիք» կուսակցություն «Անկախության սերունդ» կուսակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն Արցախի հեղափոխական կուսակցություն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն Արցախի պահպանողական կուսակցություն Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Նմանատիպ նյութեր