211652_close_icon
views-count990 դիտում article-date 14:32 02-04-2020

Ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագիրը

Կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագիրը, որը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախրար Զարուհի Բաթոյանը։ Նախարարը նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: «Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. 1․ Երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 2․ Երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 3․ Երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից 4․ Երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 5․ Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: «Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով»,-սաց նախարարը: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում: Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները և նրա ծնողները մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում: Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:

Նմանատիպ նյութեր