211652_close_icon
views-count641 դիտում article-date 10:45 07-04-2020

Մեր մեծամտությունը, անհավատությունը և մեր սահմանափակ մտածելակերպը վտանգավոր են փխրուն աշխարհում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ զգուշավոր լավատեսություն հայտնեց կորոնավիրուսի տարածման այս փուլի վերաբերյալ: Պարզ է, որ այս հարցում պետք չէ մարդկանց մեջ չհիմնավորված հույսեր արթնացնել և ակնարկել, որ նրանք կարող են թուլացնել զգոնությունը: Եթե անգամ կան դրական միտումներ, ապա ես չէի շտապի վերացնել սահմանափակումները ո՛չ այս, ո՛չ էլ մոտակա 2-3 շաբաթների ընթացում: Հաշվի առնենք նաև, որ կորոնավիրուսը չի կարող վերանալ մեկ՝ առանձին վերցրած Հայաստանում, ամբողջ աշխարհը պետք է միևնույն ժամանակահատվածում լավ լուրեր հայտնի, որպեսզի համոզվենք, որ ա՛յս ճգնաժամը հաղթահարված է: «Այս» բառի վրա շեշտ եմ դնում, որովհետև, ցավոք, ամենևին էլ բացառված չէ, որ մարդկությունը մոտակա տասնամյակների կամ գուցե նաև՝ տարիների ընթացքում կանգնելու է նոր փորձությունների առաջ: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ տեսք են ունենալու այդ աղետները՝ բնական, տեխնածին, «վիրուսային», թե, Աստված մի արասցե, բուն պատերազմական: Կարող եմ միայն ասել, թե ինչու եմ ես ենթադրում, որ նման աղետները հնարավոր են: Եթե կարճ ձևակերպեմ, պատճառը մեր մեծամտության, անհավատության և մեր սահմանափակ մտածելակերպի մեջ է, որը գուցե հարիր էր նախորդ դարերին, բայց այսօրվա խիստ փոխկապակցված և փխրուն աշխարհում նման մտածելակերպը պարզապես վտանգավոր է: Կոնկրետ այս՝ կորոնավիրուսի պարագայում մեծամտությունն ու ինքնահավանությունն արտահայտվեց այն թեթևամիտ վերաբերմունքի մեջ, որը դրսևորեցին աշխարհի մեծուփոքր երկրների ղեկավարները համավարակի բռնկման առաջին շաբաթների ընթացքում: Բայց եկեք խոստովանենք, որ մենք՝ սովորական քաղաքացիներս, նույնպես վստահ էինք, որ կորոնավիրուսը «ոչ մեկի շունը չէ»: Իսկ հիմա եկեք անկեղծ պատասխանենք՝ ինչպե՞ս ենք վերաբերվում, ասենք, էկոլոգիական խնդիրներին: 7,7 միլիարդանոց մարդկության քանի՞ տոկոսն է կարծում, որ գլոբալ տաքացումը սպառնում է մեր մոլորակին: Վստահաբար կարելի է ասել, որ Թրամփը և աշխարհի մնացած հզորներն այդ վտանգը լուրջ չեն ընդունում: Կամ՝ մենք առայժմ չենք պատկերացնում, թե ինչ մասշտաբի համաշխարհային աղետի կարող են հանգեցնել կիբերահաբեկիչների հարձակումները: Եվ վերջապես՝ հնարավոր են նոր համավարակներ՝ պայմանավորված թե՛ մարդկային և թե՛ կենսաբանական գործոններով: Աշխարհը պատրա՞ստ է դրան: Նույն Միացյալ Նահանգների առողջապահական համակարգի մասին մենք մինչ այս պահը շատ բարձր կարծիքի էինք, բայց հիմա պարզվում է, որ մեր պատկերացնումներն առնվազն չափազանցված էին: Ի դեպ, մեր կառավարությունն էլ, հավանաբար, պետք է զսպի իր խանդավառությունը առողջապահության ոլորտում զանազան «օպտիմալացումների» հարցում: Հիվանդանոցային մահճակալներ մեզ հաստատ էլի պետք կգան: Բայց ամենաշատը մարդկությանը պետք կգա համերաշխ, ներդաշնակ աշխատանքը՝ լրջագույն մարտահրավերներին դիմանալու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր