Արայիկ Հարությունյանը քվեարկությունից առաջ այցելել է Արթուր Մկրտչյանի շիրմին
Այսօր՝ ապրիլի 14-ին, քվեարկությունից առաջ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախ այցելել է պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի շիրմին։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի՛ Արթուր, քվեարկության գնալուց առաջ որոշեցի նախ այցի գալ շիրմիդ: Մեր նորաստեղծ հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեցիր առաջնորդի ծանրագույն պատասխանատվությունը և երիտասարդ կյանքդ զոհաբերեցիր՝ հանուն նվիրական գաղափարների: Միտքդ ու ծրագրերդ կիսատ մնացին, բայց քեզ ծնած ժողովրդի վճռականությունը չպակասեց: Դիպված որակեմ, թե պատահականություն, բայց այս օրը կրկին ճակատագրական է մեր ժողովրդի համար. տասնամյակներ առաջ կորցրեցինք առաջնորդին, հիմա նորից նախագահ ենք ընտրում: Չեմ վարանի ու կհավաստեմ, որ այս ընթացքում պատվով եմ կրել նաև քեզանից ժառանգած նվիրականությունը՝ այն ի սպաս դնելով հայրենիքի շենացման վեհ գործին:
Խոնարհվում եմ հիշատակիդ առջև և, որպես յուրօրինակ երդում, խոստանում՝ ընտրվելուս պարագայում կանեմ առավելագույնը մեր երազանքների Արցախը կերտելու համար:
Հ.Գ.
Մարտական դիրքում էի, երբ լսեցի պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի մահվան բոթը: Այն իրապես ցնցեց դիրքապահ զինվորներիս: Տարիներ են անցել, բայց լավագույն դատավորը շարունակում է մնալ ժամանակը... »,-ասված է գրառման մեջ: