211652_close_icon
views-count954 դիտում article-date 13:00 15-04-2020

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «[url=https://armenpress.am/arm/news/1012221.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին եղել: Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից առաջ Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:

Նմանատիպ նյութեր