4279 դիտում
13:22 15-04-2020
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասվում է.
«Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ:
Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը պատուհասած համավարակի հետևանքները փոխում են այդ նույն աշխարհի մասին բոլոր պատկերացումերը և կառավարման բացարձակապես նոր որակներ ու մոտեցումներ պահանջում ճգնաժամային իրավիճակում: Հուսով եմ, պետական կառավարման Ձեր փորձը և կուտակած գիտելիքները կօգնեն Ձեզ ճիշտ լուծումներ գտնելու բոլոր ոլորտներում անխուսափելի մարտահրավերներին առերեսվելիս:
Չնայած համապետական ընտրությունները տեղի ունեցան Արցախի քաղաքացիների համար ոչ սովորական`առողջության համար մեծագույն ռիսկեր պարունակող պայմաններում, սակայն ուզում եմ վերահաստատել լավատեսությունս և հուսալ, որ իշխանություններն այդ ռիսկերը լիովին գիտակցելով՝ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և հետընտրական Արցախում այս տեսանկյունից լուրջ խնդիր չենք ունենա՝ Արցախը կսահմանափակվի արձանագրված վտանգավոր վիրուսով վարակվածության մի քանի դեպքով, իսկ վիրուսի հետևանքով առողջությունը վնասած քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Ինչպիսին էլ լինեին մեր նախապատվությունները և պատկերացումները Արցախի Հանրապետության նախագահի մասին, ընտրությունները կայացել են, Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրված նախագահը Դուք եք, և առաջին հերթին Ձեր ուսերին է մեր հայրենիքի մի շատ թանկ հատվածի պաշտպանության, անվտանգության և բարեկեցության ապահովման մեծագույն պատասխանատվությունը: Կրեք այն պատվով և արժանապատվությամբ, ինչպես վայել է արցախցուն, ինչպիսին Արցախի ամբողջ պատմությունն է` մաքառումներով լի, բայց նաև հաղթական:
Շարունակեք այդ հերոսական հողի վրա հասարակական համերաշխության և համախմբվածության մթնոլորտում կառուցել հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա՝ որպես ազատատենչ և ստեղծարար մեր ժողովրդի ձգտումների առհավատչյա:
Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Այն առավել է, քան մեր ընտանիքը, քան մեր կյանքը՝ մեր մարտական ընկերների անցած հերոսական ճանապարհն ու նահատակված ընկերների հիշատակը վկա:
Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք:
Պարո՛ն նախագահ,
Ողջունում եմ Ձեր պատրաստակամությունը` հանուն Արցախի և մեր համազգային նպատակների համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ում ջանքերը ևս ուղղված են այդ նպատակներին:
Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն Արցախի նախագահի պատվավոր և պատասխանատու առաքելության մեջ: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ ամուր հավատ ապագայի հանդեպ, տոկունություն` հանուն այդ ապագայի հաղթահարելու բոլոր դժվարությունները, բարեկեցություն և հարատև խաղաղություն:
Աստված պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»։
Նմանատիպ նյութեր
997 դիտում
20:46 11-09-2023
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին
2310 դիտում
15:25 10-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահին
1735 դիտում
20:49 19-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են