89575 դիտում
10:44 20-04-2020
Կասկադյորական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը BMW-ով ծառերն արմատախիլ է արել, բախվել «ԳԱԶ 5312»-ին և հայտնվել հետիոտի համար նախատեսված մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Արամ Սարիբեկյանը իր վարած BMW մակնիշի 36 MO 890 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 1-ին թաղամաի թիվ 23 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև կոտրել 2 ծառ, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 50-ամյա Հարություն Հարությունյանին պատկանող «ԳԱԶ 5312» մակնիշի 65 ՍՏ 167 համարանիշի ավտոմեքենային և այնուհետև բախվել 2 ծառի ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նրան առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող բնակիչները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանզատել տարածքը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ծառ արմատախիլ է եղել, մեկն էլ կոտրվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+